
Թայվանում գրանցվել է վերջին 25 տարվա ամենաուժեղ երկրաշարժը. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 3-ին տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:58-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 03:58-ին) հզոր երկրաշարժ է տեղի է ունեցել Թայվանի արևելյան ափի մոտ։
Թայվանի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հուալյան քաղաքից 18 կիլոմետր հարավ-արևմուտք։ Ճապոնական օդերևութաբանական գործակալությունն էլ հայտնել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ, իսկ ԱՄՆ երկրաբանական ծառայության գնահատմամբ էլ՝ 7,4 մագնիտուդ։ Առաջին երկրաշարժից հետո Թայվանում գրանցվել է մոտ 60 հետցնցում։
Թայվանի իշխանությունների տվյալներով` զոհերի թիվը 7 է, իսկ տուժածների թիվը՝ 736: Մեկ այլ տվյալներով տուժել է 97 մարդ։
Կղզում փլուզվել է առնվազն 26 շենք, դրանց կեսից ավելին՝ լեռնային և քիչ բնակեցված Արևելյան Հուալյան գավառում, որն ամենից շատն է տուժել։ Հուալյան քաղաքի կենտրոնում մասամբ փլուզվել և թեքվել է երկու բազմահարկ շենք։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։
Երկրաշարժից հետո Թայվանի, Ճապոնիայի և Ֆիլիպինների իշխանությունները ցունամիի մասին նախազգուշացում էին տարածել, որը շուտով չեղյալ է հայտարարվել: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ երկրաշարժից 15 րոպե անց Յոնագունի կղզու ափերի մոտ 30 սանտիմետր բարձրությամբ ցունամիի ալիք են հայտնաբերել:
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժն ամենաուժեղն է 1999 թվականից ի վեր, երբ տեղի ունեցավ տարածաշրջանի ամենակործանարար երկրաշարժերից մեկը: Այդ ժամանակ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների հետևանքով զոհվել էր մոտ 2400 մարդ և տուժել մոտ 100 000-ը, իսկ 50 հազար շենք էլ ավերվել է կամ վնասվել:
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել