HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպք է բացահայտվել․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցում բազմաբնակարան շենքի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերություններից մեկն առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով թաքցնում է հարկման օբյեկտները։ Օտարվող բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշվում բնակարանների իրական արժեքները, իսկ գումարի մնացած մասը, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ ստանում են կանխիկ եղանակով:

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հաստատվել են ստացված տեղեկությունները: Պարզվել է, որ տվյալ ընկերության կողմից Ուլնեցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների գնման իրավունքների օտարման պայմանագրերում 1 քմ-ի արժեքը նշվել է 407․692-768.492 դրամ, մինչդեռ ըստ ստացված տեղեկությունների՝ 1 քմ-ի իրական արժեքը կազմել է 911.961 ՀՀ դրամ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՍՊ ընկերության անունից հանդես եկող, ընկերության տնօրեն և մասնակից Դ․Ա․-ի հայրը՝ Ս․Ա․-ն, բնակարանի գնորդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 104․1 քմ մակերեսով բնակարանը 235․000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ:

Պահանջել է նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել իրեն։ Այնուհետև բնակարանը օտարելու նպատակով, խախտելով ՀՀ դրամով գործարքներ կատարելու՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենսդրական պահանջները, ընկերության բակում գտնվող գրասենյակային տարածքում, Ս․Ա․-ն բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 100․000 ԱՄՆ դոլար, որի կապակցությամբ կազմել և գնորդին է տրամադրել ձեռագիր հայտարարություն։

Գումարը ստանալու վերաբերյալ հայտարարությունը գնորդին տրամադրելուց անմիջապես հետո Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից Ս․Ա․-ն և գործարքի կատարմանը ներգրաված Հ․Ա․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած  հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և բերվել են ՀՕՀ վարչություն։

Առերևույթ հանցանքի վերաբերյալ ՊԵԿ ՀՕՀ վարչությունից  հաղորդում է ուղարկվել  Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը Ս․Ա․-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter