HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք. Ուկրաինայի 2 քաղաքացի կալանավորվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2024 թ․ մարտի 29-ին Երևանի Արին Բերդի փողոցի մոտակայքում նշված վայրում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձի, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է, և նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նշված անձինք Ուկրաինայի քաղաքացիներ են:

«Դեպքի առթիվ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ անձինք հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կապույտ գույնի կպչուն ժապավենով  փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է, որ նշված փաթեթներից երկուսի պարունակությունը «Մեթադոն» տեսակի թմրամիջոց է:

Օտարերկրացիների կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկությամբ, որը, ինչպես պարզվել է, ձերբակալվածներից մեկի կողմից վարձակալվել է, հայտնաբերվել է ևս 10 հատ դեղին, 10 հատ կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթաթված և 10 հատ ստվարաթղթե փաթեթներ: Վերջիններիս պարունակությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։

Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան վարձակալած անձը նախնական համաձայնության է եկել վերոհիշյալ իր ծանոթի հետ՝ խմբի կազմում, շահադիտական դրդումներով, յուրաքանչյուր փաթեթի տարածման դիմաց գումար ստանալու պայմանով, թմրամիջոցներ իրացնելու հարցի շուրջ։ Ապա քննությամբ դեռևս չպարզված անձից, իրացման նպատակով, նրանք ապօրինի ձեռք են բերել թմրամիջոցների 38 փաթեթ, որոնք 2024 թվականի մարտի 29-ին տեղափոխել են Երևան քաղաքի Արին Բերդ փողոց: Սակայն նկատելով ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցներին՝ իրենց մոտ գտնվող թմրամիջոցների 8 փաթեթը՝ «Մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, նետել են՝ փորձելով խույս տալ պարեկներից, ինչը կանխվել է վերջիններիս կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարն՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter