
Ժաննա Դ’Արկը «Ոսկե ծիրանում». Միքայել Վաթինյանի ֆիլմը
Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմը հանդիսատեսներից շատերի կողմից ոչ միանշանակ է ընդունվել և տարակուսանքների տեղիք է տվել: «Ժաննան և ձայները» ընդգրկված է «Հայկական համայնապատկեր» ծրագրի լիամետրաժ ֆիլմաշարում, որտեղ այս տարի ներկայացված է 6 ֆիլմ: Ֆիլմի ցուցադրության ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր:
Ֆիլմը սկսվում է փոքրիկ աղջնակ դպրոցականի արտասանական փորձերով, որտեղ նա և իր ընկերները բեմադրում են Օռլեանի կույսին դրվագված մի ներկայացում: Այս տեսարանը ուրվագծվում է ֆիլմի սյուժեում և ժամանակ առ ժամանակ դպրոցական բեմադրությունից պատառիկներ են ցուցադրվում:
Միևնույն ժամանակ ֆիլմում Ժաննա անունով մի կին ճանապարհորդում է Հայաստանով. մեկ նա դատարկ գործարաններում է, մեկ՝ վայրի դաշտերում, քամով պարուրված սարի գագաթներին և այլն: Սցենարում որևէ կերպ չի երևում, թե որն է այս կնոջ դեգերումների նպատակը. նա, հավանաբար, ուղղորդվում է ներքին մղումներով և լսում ձայների: Ժաննային մարմնավորում է ֆիլմի պրոդյուսեր Արմինե Անդան:
Մեկ այլ սյուժետային գծում տառապող տղամարդու պատկեր է, որը պառկած տեղից սողում է: Նա ամբողջովին հողակոլոլ է, չի կարողանում կանգնել, մերթ ընդ մերթ նայում է կեղտակորույս ձեղնահարկի լուսամուտից, որտեղից ինչ-որ ձայներ են լսվում և երբեմն մանրակրկիտ լվացվում է կեղտոտ դույլի ջրով: Տղամարդուն մարմնավորում է ռեժիսոր Միքայել Վաթինյանը: Այս կերպարի զարգացում նույնպես տեղի չի ունենում:
Ֆիլմը կառուցված է ուժեղ պատկերային և ազդու տեսարաններով, սակայն այնտեղ որևէ հստակ պատմություն չկա. ամեն ինչ թողնված է դիտողի հայեցողությանը և մեկնաբանությունների լայն դաշտ կա: Որակական այսպիսի տարբերությամբ ֆիլմեր շատ վաղուց են նկարահանվում և դրանք համարվում են փառատոնային կինո, որը հեռու է ժամանցային և լայն սպառման կինո համարվելուց:
Ազգային պատկերասրահի ֆիլմերի ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանը «Ակումբ» սրճարանում կազմակերպում է «Ոսկե ծիրանի» ֆիլմերի քննարկումներ, որոնց ընթացքում քննարկվեց նաև «Ժաննան և ձայները»:
Կարծիք հնչեց, որ այն ֆիլմ չէ և հանդիսատեսը, որը ժամանակ և գումար էր ծախսել ֆիլմը դիտելու համար, ոչինչ չտարավ իր հետ:
Հակադարձ կարծիքի էր ճարտարապետ Միսաք Խոստիկյանը, ով ասաց, թե ոչ մի հեղինակ ոչ մի հանդիսատեսի պարտավոր չի: «Եթե ես եկել, ժամանակ ու գումար եմ ծախսել և ուզում եմ մի բան պոկել, դա իմ պրոբլեմն է,- ասաց նա,- ես էնտեղ որոշակի էսթետիկա տեսա, գուցե մի քիչ ավելին, քան ես կուզեի»:
Կինոգետ Ռաֆֆի Մովսիսյանն ասաց, որ Վաթինյանի ֆիլմը հայկական կինոյի միանման պատմության մեջ փոխում է հարցադրումը այն իմաստով, որ կարևորում է ոչ թե այն, թե ինչի մասին է կինոն, այլ՝ ինչպեսը:
«Այն կոտրում է ավանդական մոտեցումը, որ կինո նկարելուց առաջ պետք է մեկ նախադասությամբ ձևակերպել կոնցեպտը, թե ինչի մասին է այն: Այս կինոն գրականություն է,- ասաց նա,- թե ինչ կլինի հետո. կտապալվի, ինչպես դա եղավ Աղասի Այվազյանի հետ, թե կշարունակվի, այլ հարց է, սակայն ողջունելի է այս մոտեցումը»:
Ֆիլմի պրոդյուսեր Արմինե Անդան հարց բարձրացրեց, թե ինչու է անընդհատ հասկանալու խնդիր դրվում, երբ հարցը վերաբերում է արվեստին:
«Ինչու իրականության և կինոյի դեպքում մենք անպայման ուզում ենք հասկանալ, թե այս պատմությունն ինչի մասին էր,- ասաց նա,- արվեստի բոլոր ձևերն էլ իրավունք ունեն արտահայտելու և շփվելու հանդիսատեսի հետ ոչ գիտակցական միջոցներով, այսինքն ենթագիտակցական մակարդակում»:
«Ժաննան և ձայները» 67 րոպեանոց ֆիլմը 2007 թ. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակիցներից է և արտադրվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի հիմնադրամի աջակցությամբ: Այն Միքայել Վաթինյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը որպես նախագիծ ստացել է Գյոթեբորգի և Պուսանի ՄԿՓ-ների մրցանակը Ասիական նախագծերի շուկայում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Պուսանի ՄԿՓ-ի մրցույթում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել