HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է 2024 թ. պետական ստանդարտացման ծրագիրը

Կառավարությունը ապրիլի 4-ի նիստում հաստատել է 2024 թ. պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը:

Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ 2023 թվականին ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 30 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են ՀՀ-ում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից:

2024 թ. ընթացքում նախատեսվում է մշակել 39 ազգային ստանդարտ: Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:

Ծրագրի նպատակն է նաև ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, հողի որակի, ռազմարդյունաբերության, տարածական տվյալների ոլորտներում աջակցել աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը:

Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ ՀՀ տնտեսության ինտեգրման, տնտեսության գերակայող ճյուղերում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման. սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովման, պարենային և ոչ պարենային արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման, ՀՀ-ում գործող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման, ԵՄ շրջանակներում գործող դիրեկտիվների/կանոնակարգերի հիման վրա համապատասխան ոլորտային ազգային, տեխնիկական կանոնակարգերի արդիականացման համար:

Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտների ֆոնդը ՀՀ տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին: Ծրագրի իրականացման ժամանակ` կիրառելով միջազգային գործելակարգում ընդունված ստանդարտացման հիմնական սկզբունքը, և ազգային ստանդարտների մշակման համար որպես հիմք ընդունելով միջազգային ստանդարտները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵԱՏՄ տարածք) ՀՀ կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար, համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում:

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որոշման ընդունման կարևորությունն այն է, որ եթե ապրանքների ստանդարտները համապատասխան չլինեն սահմանվածին, արտադրանքը չի կարող արտահանվել միջազգային շուկա:

Արձագանքելով՝ վարչապետն անդրադարձել է թեմային առնչող մի շարք նրբությունների. «Հիմա մենք ասում ենք՝ ջուրը պետք է ստանդարտացնենք, որ կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ ժողովուրդն այդ ջուրը խմում է, դա՝ ոչինչ: Մենք անում ենք դա, որպեսզի կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ մեր երեխաները տասնյակ տարիներով դա օգտագործում են, ոչ մեկին չի հետաքրքրում: Բայց չի հետաքրքրում գիտե՞ք ինչ պատճառով, որովհետև ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել: Սա է ամբողջ խնդիրը: Ես ուզում եմ այս երևույթի նկատմամբ մեր վերաբերմունքը կոնկրետացնենք: Օրինակ՝ գնաճի վերաբերյալ մեր վերաբերմունքը ճշգրտենք»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ գնաճը սահմանված շրջանակներում տնեսության զարգացման և՛ խթան է, և՛ նշան. «Սա շատ կարևոր արձանագրում է: Երկրորդը՝ ստանդարտացնել, նշանակում է թանկացնել, բայց մենք պետք է հասկանանք ինչ որակի պետություն, ինչ որակի հանրություն և ինչ որակի կյանք ենք ուզում»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է այդ նրբությունների մասին հանրությանը մանրամասն տեղեկատվություն տրամադրելու կարևորությունը. «Օրինակ՝ մայթին խոզի միս են վաճառում, և ասվում է՝ պետք է ստանդարտ դնել, ասում են՝ խոզի միսը դրանից կթանկանա: Այդ խոզի միսը ինչի՞ հաշվին կթանկանա՝ ոչ թե նույն միսը կթանկանա, այլ դրա վրա կավելանա անվտանգության, առողջապահական ավելի հուսալի բաղադրիչ, և իրականում տեղի կունենա ապագա ռիսկի խնայողություն, որի հետևանքով պիտի թունավորվեիր, հիվանդանոց ընկնեիր ու գումար ծախսեիր: Ստանդարտը իրականում սրա մասին է: Մենք ասում ենք, որ ստանդարտը կարևոր է, բայց մենք մեր ժողովրդին չենք մանրամասնում, թե դա ինչ է իրենից ներկայացնում»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը մեր կյանքի ստանդարտի և մեր կյանքի չափանիշների մասին է. «Եվ մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության ցանկացած աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում: Հնարավոր չէ, որ կյանքը էժանանա, իսկ բարեկեցությունը բարձրանա: Այլ բան, որ զուգահեռ պետք է եկամուտներն աճեն, բայց եկամուտների աճն էլ է ստանդարտի հարց»:

Վարչապետն անդրադարձել է նաև երկրի ներսում, շուկայում ստանդարտների նկատմամբ վերահսկողությանը և նշել. «Ես եկել եմ նաև այն համոզմամբ, որ միայն տեսչական մարմիններով, վարչական լծակներով պետությունը չի կարող այդ ամեն ինչը վերահսկել, սկսած՝ երթևեկության կանոններից, որովհետև նախ մտածողության ստանդարտ պետք է հաստատվի: Ստանդարտն իրականում մեր վարքագծի և մեր ընկալման փոփոխության մասին է»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ սովորաբար հաճախ պատահում է այնպես, որ կառավարությունները շատ թեմաների չեն անդրադառնում. «Մտածում են, որ դա հանրային ոչ թե դիմադրություն կառաջացնի, այլ այնպիսի դիմադրություն, որ կարող է լինել վիրավորական, ընդհուպ՝ բանը կարող է հասնել հայհոյանքների. ոչ մեկ չի ուզում, որ դա տեղի ունենա իր հասցեին։ Ուզում եմ ասել հետևյալը, եթե այսօրվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, վաղվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, որովհետև հայհոյանքն աշխատանքի հարակից էֆեկտն է, իսկ ո՞վ է անելու այդ աշխատանքը, սա շատ կարևոր հոգեբանական ու քաղաքական հարց է։ Իշխանությունը պետք է պատրաստ լինի որոշումներ կայացնել: Իհարկե, այդ որոշումները պետք է լինեն քննարկված, ուսումնասիրված, լինեն բխող երկրի միջնաժամկետ, կարճաժամկետ շահերից»:

Թեմայի առնչությամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է հարկ վճարողներից ստացված ազդակները. «Դժգոհությունների հիմքում ոչ թե այն է, որ նրանք չեն ուզում, որ իրենց ապրանքը համապատասխանի ստանդարտին, այլ վստահ չեն, որ գործընթացի արդյունքում ստանում են բովանդակություն, ոչ թե փաստաթուղթ: Նաև չգիտեն՝ վստահե՞լ փորձաքննություն անցկացնող լաբորատորիաներին, թե՞ չվստահել: Դրա համար շատ կարևոր է գործընթացն ապահովել բոլոր այն լաբորատորիաներով, այն կարողություններով և այն մասնագետներով, որոնք վերջնարդյունքում կտան այդ բովանդակությունը»:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն էլ իր հերթին նշել է, որ փաթեթում ներառված են 12 ստանդարտներ, որոնք վերաբերում են տարածական տվյալներին: «Դրանցից մեկը վերաբերում է հասցեներին: Ստանդարտի ընդունումը հետագայում պետական մարմիններին թույլ է տալու մեկ ձևաչափով ստեղծել հասցեների ինտեգրված բազաներ, որը օգնելու է առաքանիների առաքման, ոստիկանության կամ որոշակի ծառայությունների մատուցման հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ 12 ստանդարտներն ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրին, որում ներառված է առանձին կետ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասով, և այս ստանդարտների հաստատումը թույլ կտա թռիչքաձև զարգացում ապահովել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter