HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու մի շարք ուղղություններում ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններին՝ ընդգծելով, ու դրանք արդարացում չունեն:

«Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով՝ մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:

Չարդարացված ենք համարում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները, քանի որ բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանք:

Անհասկանալի են նաև Հայաստանին ուղղված մեղադրանքները պաշտպանական նպատակներով սպառազինությունների ձեռքբերման առիթով, որովհետև Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից անգամներով ավել սպառազինություն է ձեռքբերում, ինչի մասին Հայաստանը համապարփակ տեղեկատվություն է ստանում:

Այս առիթով պաշտոնապես վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության նվիրումը խաղաղության օրակարգին, ինչպես նաև դրանից բխող սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների ստեղծման և երկու երկրների միջև սահմանի հարակից տարածքներն ապառազմականացնելու` Ադրբեջանին ուղղված մեր առաջարկը»,- ասված է ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը կրակ է բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ),  Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), Կութի (Գեղարքունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ),  Չինարիի (Տավուշի մարզ), Մովսեսի (Տավուշի մարզ) հայկական դիրքերի ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter