HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի ԱԳՆ-ում կարծում են, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն Հայաստանին դրդում են դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից

Մոսկվան Երևանին կոչ է անում թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և Հայաստանը տանել սխալ ճանապարհով։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է նախօրեին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ եռակողմ հանդիպումից հետո։

Ռուսական կողմը հանդիպումը դիտարկում է «որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու հավաքական Արևմուտքի հերթական փորձ»: «Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և ապակառուցողական միջամտությունը, տարածաշրջանի երկրների ու նրանց հարևանների միջև սեպ խրելու ձգտումը կարող են ամենաբացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացում, ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճ»,- ասված է ռուսական կողմի հայտարարության մեջ։

Ռուսաստանում այն կարծիքին են, որ «Արևմուտքը ցանկանում է Հայաստանը դարձնել Հարավային Կովկասում իր ծայրահեղ վտանգավոր մտահղացումների իրականացման գործիք»։ 

«Մեզ հայտնի է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը, վաղանցիկ խոստումների ներքո, ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերմանը։ Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ Արեւմուտքին խաբել իրեն ու երկիրը տանել սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով»,- ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմի պնդմամբ՝ Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները «ոչ մի համեմատության մեջ չեն մտնում բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ՝ ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից»:

«Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճ և, որպես հետևանք, տնտեսության ռեկորդային աճ և բնակչության բարեկեցության բարձրացում: Վերահաստատում ենք Հայաստանի հետ հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու տրամադրվածությունը՝ երկկողմ հիմնարար փաստաթղթերում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների գծով պայմանավորվածություններում ամրագրված սկզբունքների հիման վրա»,- նշում է պաշտոնական Մոսկվան։

Ռուսաստանի մայրաքաղաքում համոզված են, որ «հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցին՝ Մոսկվան պնդում է, թե իբր Արևմուտքը «նաև չի հրաժարվում հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմքը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունների համալիրը քանդելու փորձերից, որը նախատեսում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդման միջոցառումներ»։

«Հենց Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման ներքո պաշտոնական Երևանը կասեցրեց այդ պայմանավորվածությունների իրականացումը, որոնցից շատերի, մասնավորապես՝ տրանսպորտային փոխադարձ շրջափակման վերացման հարցի շուրջ, կողմերը մոտ էին փոխընդունելի որոշումներին։ Մոսկվան նախկինի պես պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը»,- հայտարարել է Մոսկվան, թերևս անուղղակիորեն փաստելով, որ Արևմուտքը դեմ է եղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որի թեզն առաջ էր քաշում Բաքուն, իսկ Մոսկվայում դրական էի վերաբերվում ադրբեջանական այդ նախագծին։ 

Մոսկվան դարձյալ կոչ է արել վերականգնել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով հանդիպումները։ «Հարավային Կովկասում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերն անհրաժեշտ է լուծել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ նիստի ընթացքում համաձայնեցված տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի համաձայն, որի մասնակիցն էր նաև Հայաստանը»,- պնդում են Մոսկվայում։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև կոչ է արել արտաքին խաղացողներին «հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter