
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Խարկովին. կա 6 զոհ
Ռուսական զորքերը ապրիլի 6-ի գիշերը հարվածել են Ուկրաինայի Խարկով քաղաքին, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Այդ մասին հայտարարել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Վերջինիս տվյալներով՝ ռուսական զորքերը քաղաքը գրոհել են անօդաչու թռչող սարքերով։ Հարվածը հասցվել է բնակելի շինությանը։ Նախնական տվյալներով՝ վնասվել է 9 բազմահարկ շենք, 3 հանրակացարան, այլ շենքեր, բենզալցակայան ու 10 ավտոմեքենա, հավելել է քաղաքապետը:
Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը մանրամասնել է, որ ռուսական զորքերը քաղաքը նաև հրթիռակոծել են: Նրա խոսքով՝ հրթիռակոծության հետևանքով տուժել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ։
Սինեգուբովը նաև հայտնել է, որ վիրավորվել է 11 մարդ: Վերջինիս տվյալներով՝ տուժածներից 8-ը միջին ծանրության վնասվածքներ են ստացել, մյուսները՝ թեթև։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի տարածքում արձակել են 32 հարվածային անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի վեց հրթիռ: ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել 3 հրթիռ և 28 անօդաչու թռչող սարք։
ՌԴ ՊՆ-ում Խարկովին հասցված հարվածները չեն մեկնաբանել։
Լուսանկարը՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության
Մեկնաբանել