
Սլովակիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Սլովակիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին)։
Ընդհանուր առմամբ ընտրելու իրավունք ունեն հանրապետության շուրջ 4,3 միլիոն բնակիչներ այն դեպքում, երբ Սլովակիայի բնակչությունը կազմում է շուրջ 5,5 միլիոն։ Նրանք պետք է որոշեն, թե առաջիկա հինգ տարիներին ով է ղեկավարելու Սլովակիան։
Ընտրությունների երկրորդ փուլ են անցել Սլովակիայի Սլովակիայի խորհրդարանի խոսնակ, «Ձայն՝ սոցիալական ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Պետեր Պելեգրինին և Սլովակիայի արտաքին գործերի նախկին նախարար, լիբերալ Իվան Կորչոկը: Նրանց յոթ մրցակիցները դուրս էին մնացել մարտի 23-ին կայացած ընտրությունների առաջին փուլից։ Այն ժամանակ Կորչոկի օգտին քվեարկել էր 958 393 ընտրող (42,51 %)։ Իսկ Պելեգրինին ստացել էր 834 718 ձայն (37,02 %): Ընտրություններին մասնակցել էր ընտրողների 51,91 %-ը։
Կորչոկը և Պելեգրինին հաղթելու գրեթե հավասար հնարավորություններ ունեն։ Ապրիլի 3-ին SME թերթի իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն՝ Սլովակիայի դիվանագիտության նախկին ղեկավարը կստանա ընտրողների 51,7 %-ի աջակցությունը, իսկ խորհրդարանի խոսնակը կարող է ստանալ ձայների 48,3 %-ը: Նախորդ հարցումների արդյունքները վկայում էին Պելեգրինիի աննշան առավելության մասին։
Սլովակիայում գործում է 5 938 ընտրատեղամաս։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 22:00-ն (Երևանի ժամանակով 24:00-ն), որից հետո մի քանի ժամվա ընթացքում տեղի կունենա ձայների հաշվարկը: Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան կիրակի առավոտյան:
Լուսանկարը՝ Reuters/Eva Korinkova
Մեկնաբանել