
Գերմանիան ակնարկում է, որ «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունման պատճառով Վրաստանը կարող է զրկվել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակից
Գերմանիայի կառավարությունը «որոշակի ափսոսանքով» է վերաբերվում այն փաստին, որ չնայած բուն Վրաստանում ու արտասահմանում ոչ երկիմաստ բացասական հասարակական արձագանքին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է կրկին խորհրդարան մտցնել, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Հոֆմանը՝ պատասխանելով Վրաստանում նախատեսվող այս գործընթացի վերաբերյալ Բեռլինի վերաբերմունքի մասին Deutsche Welle-ի հարցին։
Հոֆմանը հիշեցրել է, որ «Վրաստանի կառավարությունն անցյալ տարի անվերապահորեն խոստացել էր օրակարգից հանել այդ օրինագիծը»։ «Մենք գիտենք, որ Վրաստանը գնում է բարեփոխումների ճանապարհով Եվրամիությանն անդամակցության ուղղությամբ և դրանով իսկ հայտարարում է եվրոպական արժեքներին հավատարմության մասին»,- նշել է Հոֆմանը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ևս «ափսոսանքով» և «տագնապով» է ընդունել Վրաստանի իշխող կուսակցության՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունելու ծրագիրը։
«Անցյալ տարի օրինագծի դեմ վրացական քաղաքացիական հասարակության տասնյակ հազարավոր ներկայացուցիչների բողոքի արդյունքում այն հանվել էր օրակարգից: Մամուլի և ԶԼՄ-ների ազատությունը <...> ցանկացած ժողովրդավարության հիմքերն են և ԵՄ-ին միանալու կարևոր նախադրյալները»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Սեբաստիան Ֆիշերը։
«Վրաստանում, որն անցյալ տարվա վերջին ստացել էր Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, դրանով իսկ՝ Եվրամիությանն անդամակցելու պատմական շանս, այդ մասին գիտեն»,- հավելել է նա։
«Արդյոք Վրաստանը կզրկվի այդ հնարավորությունից, եթե ընդունի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, կորոշվի ԵՄ այլ երկրների հետ խորհրդակցությունների ընթացքում»,- եզրափակել է Ֆիշերը։
Այս թեման, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ուրբաթ՝ ապրիլի 12-ին, Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Գերմանիա կատարելիք այցի ընթացքում: Բեռլինում նախատեսված է նրա հանդիպումները դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Լուսանկարը՝ gifposter.com-ից
Մեկնաբանել