
Ադրբեջանի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ ՆԳՆ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը կրակ է բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), Կութի (Գեղարքունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ), Չինարիի (Տավուշի մարզ), Մովսեսի (Տավուշի մարզ) հայկական դիրքերի ուղղությամբ։
Մեկնաբանել