HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը Նեթանյահուին հայտնել է, որ Գազայի հատվածում իր գործողությունների համար Իսրայելը կարող է զրկվել ԱՄՆ-ի աջակցությունից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնը չի կարողանա շարունակել աջակցել Հրեական պետությանը, եթե վերջինս չփոխի Գազայի հատվածում իր գործողությունների ընթացքը: Այդ մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր երեք աղբյուրներին, որոնք ծանոթ են զրույցի բովանդակությանը։

Նրանց խոսքով՝ տեղի ունեցած զրույցը դարձել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր «ամենախիստն ինչպես տոնայնությամբ, այնպես էլ՝ բովանդակությամբ»։ Աղբյուրները նաև հայտնել են, որ Բայդենը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչն է հանգեցնելու ամերիկյան աջակցության դադարեցմանը և արդյոք Վաշինգտոնն այլևս զենք չի մատակարարի Իսրայելին:

Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետին հայտնել է Գազայում կրակի դադարեցման անհրաժեշտության մասին՝ World Central Kitchen կազմակերպության աշխատակիցների վրա ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ՝ խմբ.) հարվածի ֆոնին, որպեսզի ապահովվի պաղեստինյան այդ տարածք մարդասիրական օգնության առաքումը:

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Բայդենն իր պահանջում հրադադարը չի կապել պատանդների ազատ արձակման հետ, ինչպես նախկինում, ինչը զարմացրել է Նեթանյահուին: Ամերիկացի պաշտոնյան, ում հետ զրուցել է պորտալը, նշել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնացել: «Մեր դիրքորոշումը մնում է այնպիսին, որ պատանդներին ազատելու գործարքը պետք է ներառի հրադադար, և դա պետք է տեղի ունենա անմիջապես։ Ուստի նախագահը կոչ է արել վարչապետին թույլ տալ իր բանակցողներին առանց հապաղելու համաձայնագիր կնքել»,- ասել է նա։

Ինչպես ապրիլի 4-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ակնարկել է, որ Գազայի հատվածում իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում նա ստիպված կլինի վերանայել իր քաղաքականությունը Մերձավոր Արեւելքի այս հակամարտության հարցում:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ Իսրայելը պետք է «ներկայացնի և իրականացնի» կոնկրետ քայլեր, որպեսզի կանխի խաղաղ բնակչության և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներին վնասը: Սպիտակ տան մամուլի ծառայությունում ընդգծել են, որ Գազայի հատվածի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը «որոշվելու է այդ ուղղությամբ Իսրայելի անհապաղ գործողությունների վերաբերյալ ամերիկյան վարչակազմի գնահատականներով»:

Լուսանկարը՝ Brendan Smialowski/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter