HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեքսիկան խզում է դիվանագիտական հարաբերությունները Էկվադորի հետ

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը արտաքին գործերի նախարար Ալիսիա Բարսենային հանձնարարել է խզել դիվանագիտական հարաբերությունները Էկվադորի հետ: Այդ մասին Մեքսիկայի ղեկավարը գրառում է արել X-ի միկրոբլոգում։

Այս քայլը կապված է Էկվադորի ոստիկանության կողմից Կիտոյում Մեքսիկայի դեսպանատան տարածք բռնի ներթափանցման հետ, որտեղ 2023 թվականի դեկտեմբերից գտնվում էր Էկվադորի նախկին փոխնախագահ Խորխե Գլասը։ Նա Մեքսիկայից քաղաքական ապաստան էր խնդրել և դեսպանատան տարածք գրոհից մի քանի ժամ առաջ Մեխիկոյից ստացել էր դրա տրամադրման համաձայնությունը։

Իր հերթին Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Ալիսիա Բարսենան հայտարարել է, որ Մեխիկոն Միջազգային դատարան կդիմի Էկվադորին միջազգային իրավունքի խախտման համար դատապարտելու խնդրանքով: Ինչպես նշել է Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, դեսպանատան գրոհի ժամանակ մեքսիկացի մի քանի դիվանագետներ վնասվածքներ են ստացել:

Ապրիլի 6-ի գիշերը Էկվադորի ոստիկանությունը բռնի կերպով ներխուժել է Կիտոյում Մեքսիկայի դեսպանատուն և ձերբակալել Էկվադորի իշխանություններից այնտեղ թաքնվող նախկին փոխնախագահ Խորխե Գլասին:

Գլասին Էկվադորում մեղադրում են կաշառակերության և կոռուպցիայի մեջ։ Նա Էկվադորում բանտարկված էր 2017-2022 թվականներին։

Մեքսիկայի նախագահ Լոպես Օբրադորը դեսպանատան գրոհի հետ կապված միջադեպը որակել է «միջազգային իրավունքի և Մեքսիկայի ինքնիշխանության աղաղակող խախտում»:

Միևնույն ժամանակ Էկվադորի նախագահի գրասենյակը, ընդգծելով, որ Էկվադորը ինքնիշխան պետություն է, հայտարարել է, որ Կիտոն «թույլ չի տա հանցագործներից և որևէ մեկին մնալ ազատության մեջ»:

Փորձագետները, որոնք հետևել էին Կիտոյում Մեքսիկայի դեսպանատան տարածքում Էկվադորի նախկին փոխնախագահի ձերբակալությանը, նշել են, որ այդ գործողությունը «հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում է և, ամենայն հավանականությամբ, ամուր սեպ կխրի Մեքսիկայի ու Էկվադորի կառավարությունների միջև»։

Լուսանկարը՝ David Bustillos / AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter