
Օրսկում փլուզվել է Ուրալ գետի ջրապատվարը. քաղաքի մի մասը տարհանվում է
Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքի տարածքում ավերվել է Ուրալ գետի ջրապատվարը, ինչի հետևանքով քաղաքի մի մասը սկսել է տարհանվել։ Ինչպես փոխանցում է TACC գործակալությունը, ջրապատվարի մասնակի փլուզումը տեղի է ունեցել երկու վայրում։ Օրսկի հին քաղաքը ամբողջությամբ հեղեղվել է։ Գետում ջրի մակարդակը բարձրանում է, ինչը սպառնում է նաև մարզկենտրոն Օրենբուրգ քաղաքին։
Ջրհեղեղն իր պիկին դեռ չի հասել: Մասնագետները նշում են, որ նման իրավիճակ տեղի է ունենում հարյուրամյակը մեկ անգամ։ Ուժեղ ջրհեղեղներ են գրանցվում նաև հարևան Ղազախստանում, որի իշխանությունները հայտարարել են վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տարերային աղետի մասին:
Ջրապատվարի վնասման մասին հայտնի է դարձել ապրիլի 5-ի երեկոյան, Երևանի ժամանակով մոտ 21:30-ին։ Օրսկի քաղաքապետ Վասիլի Կոզուպիցայի խոսքով՝ ջրապատվարի փլուզումներից մեկով ջրի հոսքը հաջողվել է կանգնեցնել։
Սկզբում օպերատիվ ծառայությունները հայտնել էին ջրապատվարի ամբողջական փլուզման մասին, սակայն կառավարությունում ավելի ուշ հերքել էին այդ տեղեկությունը։ Օրենբուրգի մարզի որոշ հատվածներում Ուրալ գետի մակարդակը մի քանի ժամվա ընթացքում բարձրացել է 4 մետրով։ Այն արդեն հասել է 9,6 մետրի։
Կոզուպիցան նշում է, որ իրավիճակը սրընթաց զարգանում է դեպի վատը։ ՌԴ դատախազության տվյալներով՝ Օրսկում ջրապատվարի ճեղքումը տեղի է ունեցել սպասարկման սխալների պատճառով։ Հարուցվել է քրեական գործ։
‼️ Dam breach in Russian Orsk
— NEXTA (@nexta_tv) April 6, 2024
The volume of water discharge from the Aktobe reservoir is growing. At the moment it is known about three deaths (according to official data).
More than 2.5 thousand houses and 6.8 thousand household plots were flooded. More than 4 thousand people… pic.twitter.com/3QyQmZaSEO
Քաղաքում հեղեղվել է ավելի քան 2400 բնակելի տուն և ավելի քան 3100 մերձտնային հողատարածք։ Ականատեսները հայտնում են, որ հեղեղվել է գրեթե ողջ Հին քաղաքը, բացի մի քանի շինություններից։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հավաստիացնում են, որ քաղաքում նոր թաղամասերի հեղեղման վտանգ չկա:
Տարհանվել է մոտ 2000 մարդ, որոնցից ավելի քան 320-ը, այդ թվում ավելի քան 85 երեխա, գտնվում են ժամանակավոր տեղակայման վայրերում։
Իշխանությունների տեղեկություններով՝ հեղեղման գոտում գտել են երկու մարդու մարմին, սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ նրանց մահը տեղի չի ունեցել խեղդվելու հետևանքով:
Նախնական տվյալներով՝ ջուրն Օրսկից կհոսի ավելի քան 2 շաբաթ։ Ռուսական իշխանությունները հայտարարում են, որ ջրի հոսքի նկատմամբ վերահսկողության վերականգնումից հետո կմեկնարկեն ջրապատվարի վերականգնման աշխատանքները։
Կոլաժը՝ 24 Канал-ի
Մեկնաբանել