Քննարկվել են Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության հարցեր
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարական հաստատությունների եւ կառավարման տնօրինության ղեկավար Ալֆոնսո Զարդիին:
Քննարկվեցին Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ եղավ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտում գործակցությանը:
Փոխվարչապետը նշեց, որ առկա է փոխգործակցության լուրջ օրակարգ եւ վստահություն հայտնեց, որ «Եվրոպայի խորհուրդ-Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագրի» իրականացումը կնպաստի երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:
«Կառավարության համար տեղական ժողովրդավարության զարգացման խնդիրները գերակայություն են: Մի քանի ուղղությամբ փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք կարող են արդեն կիրառվել առաջիկա տարիների ընթացքում»,- ասաց Ա. Գեւորգյանը: Անդրադառնալով այդ ուղղություններին` նա նշեց համայնքների խոշորացման խնդիրը, համայնքների կարողությունների հզորացումը, որի նպատակով արդեն բավականաչափ աշխատանք է իրականացվել եւ ԱԺ են ներկայացվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Որպես հաջորդ խոշոր ուղղություն նա առանձնացրերց տեղական ժողովրդավարության հիմքերի ամրապնդումը` հատկապես ավագանու ինստիտուտի կայացման եւ մասնակցության լայն հնարավորությունների ապահովման միջոցով: Այս համատեքստում մշակվել է օրինագիծ, որը կոչված է ապահովելու Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` Ուտրեխտի արձանագրության կիրառությունը:
Ա. Գեւորգյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում են նաեւ տարածքային մակարդակով ժողովրդավարության նոր հնարավորությունների եւ մեխանիզմների ներդրման հարցերը: Կառավարության վերջին տարիների գերակայություններից է տարածքների համաչափ զարգացման հիմախնդիրը, որի լուծման ուղղությամբ եւս մեծ անելիքներ կան:
Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման համար փոխվարչապետն անխուսափելի համարեց բարեփոխումների իրականացումը եւ շնորհակալություն հայտնեց եվրոպացի գործընկերներին աջակցության համար:
Ալֆոնսո Զարդին գոհունակություն հայտնեց, որ տեղական բարեխումները գտնվում է թե կառավարության, թե Ազգային ժողովի առաջնահերթությունների շարքում:
Նա նշեց, որ ԵԽ-ն համակարծիք է բարեփոխումների ուղղությունների հետ եւ կիսում է այդ հարցում Հայաստանի իշխանությունների մոտեցումները:
«Եվրոպայի խորհուրդ-Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագիրը ներառում է նաեւ ՏԻ վերաբերյալ բաժին, եւ մենք պատրաստակամ ենք օժանդակելու այդ բարեփոխումներին»,- վստահեցրեց նա:
Կողմերը քննարկեցին նաեւ Գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված համատեղ աշխատանքներին առնչվող հարցեր: Արձանագրվեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհստակեցվեն այն կոնկրետ քայլերը, որոնք պետք է ապահովեն ծրագրի կատարումը: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել