
Մարգարիտա Խաչատրյանը «Հրապարակ» օրաթերթից այլևս 2 մլն չի պահանջում
«Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հրաժարվում է «Հրապարակ» օրաթերթի դեմ ներկայացված 2 մլն դրամ գումարային պահանջից: Մ. Խաչատրյանը թերթից պահանջում է միայն հերքել իր մասին հրապարակած այն տեղեկությունները, որը, ըստ նրա, զրպարտություն է:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստին այս մասին հայտարարեց Մ. Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Թումասյանը:
Հիշեցնենք, որ Մարգարիտա Խաչատրյանը վիճարկում է 2011թ.-ի ապրիլի 21-ին «Հրապարակ» օրաթերթի 1-ին էջում հրապարակված «Ծեծկռտո՞ւք է եղել» հոդվածը, որտեղ ասվում է, որ նա ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսել հրամանատարական կազմի հետ, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի: Մ. Խաչատրյանը սա զրպարտություն էր համարել և պահանջել հերքում տպագրել և փոխհատուցել պատճառված վնասը 2 մլն դրամով:
Գումարային պահանջից հրաժարվելը փաստաբանը հիմնավորեց «Հրապարակ» օրաթերթի ֆինանսական որոշ խնդիրներով, ըստ որի' օրաթերթի որոշ լրագրողներ հոնորար չեն ստանում: «Որպեսզի «Հրապարակ» օրաթերթը հետագայում չշահարկի այն հանգամանքը, իբրև թե Մարգարիտա Խաչատրյանը ցանկանում է հարստանալ այդ եղանակով, մենք ընդհանրապես գումարային պահանջ չենք ներկայացնում»,- հավելեց Դավիթ Թումասյանը:
Ըստ փաստաբանին' դատաքննության ընթացքում հրապարակված տեղեկությունների մասին որևէ ապացույց, որ դեպքը տեղի է ունեցել, չի ներկայացվել, չնայած ապացուցման բեռը հենց պատասխանողի վրա էր: Մինչդեռ հայցվոր կողմն է զորամասից տեղեկանք ներկայացրել, որտեղ նշված է, որ զորամաս այդ օրվա այցելության ժամանակ որևէ դեպք չի գրանցվել: Դավիթ Թումասյանի խոսքով, հայտնի չէ նաև այն աղբյուրը, որտեղից օրաթերթը ծեծկռտուքի մասին տեղեկություններ է ստացել:
Օրաթերթի շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Դանիելյանը նշեց, որ լրագրողը բարեխղճորեն կատարել է իր պարտականությունը, ունեցած տեղեկությունները ճշտելու համար զանգահարել է Մ. Խաչատրյանին և նրա պատասխանը նույնպես ներառել այդ նյութում, որտեղ Մ. Խաչատրյանը հերքում է այդ տեղեկությունները: Հետևաբար, ևս մեկ անգամ հերքում տպագրելու անհրաժեշտություն չկա:
Կողմերն այսօր անդրադարձան նաև հերքման տեքստին, որը ներկայացրել է հայցվորը. Ըստ էության' այն ավելի մեծ ծավալ ունի, քան հրապարակված նյութն է, և ներառում է նաև Մարգարիտա Խաչատրյանից ներողություն խնդրելու հատված: Օրաթերթի ներկայացուցիչը նշեց, որ միայն վիրավորանքի պարագայում է կիրառելի ներողությունը, այլ ոչ թե զրպարտության: Ավելին, հայցվորը հերքման տեքստում պահանջում է հետագա հրապարակումներում ևս զերծ մնալ նմանատիպ տեղեկություններ տարածելուց, ինչը նույնպես ընդունելի չէ օրաթերթի համար: Բացի դրանից, հերքման տեքստը չպետք է զիջի հիմնական նյութին, բայց նաև չպետք է գերազանցի ողջամիտ ծավալը:
Այդուհանդերձ, փաստաբան Դավիթ Դանիելյանը առարկեց հայցին և դատարանից խնդրեց ամբողջությամբ մերժել այն: Գործով դատաքննությունն ավարտվեց այսօր: Հուլիսի 30-ին դատարանն արդեն կհրապարակի վճիռը:
Մեկնաբանել