HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է». Ավինյանը՝ ծառերի փոխարինման ծրագրի մասին

Երևանի քաղաքապետարանի ապրիլի 8-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպմանն ասել էր՝ ժամանակավորապես կդադարեցնեն ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ որոշակի գիտական շրջանակներից կստանան գրավոր հիմնավորումներ, որոնք նվազագույնը հարցականի տակ կդնեն նախորդ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթը։

Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին հարցրեց՝ արդյոք որևէ մեկը ներկայացրե՞լ է գրավոր հիմնավորում։

«Որևիցե նորություն չունենք, որևէ մեկը գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևիցե հակափաստարկ մինչ այս պահը չի ներկայացրել։ Ավելին, Գիտությունների ազգային ակադեմիայում նախաձեռնվել է քննարկում, որին մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ։ Բացառությամբ մեկ անձի, բոլոր հիմնական հռետորները խոսում էին, որ թեղիները Երևան քաղաքից պետք է հանվեն, դա ակնհայտ է։

Կենսաբազմազանության, Էկոնոսֆերայի ինստիտուտն էր ուզում ներգրավված լիներ, խոստացել եմ, որ գիտատեխնիկական խորհուրդ կհրավիրվի նաև այդ գերատեսչություններից մեկական գիտնական։

Գիտությունների ազգային ակադեմիան ասում էր, որ որևիցե ինստիտուտ մինչ այս պահը չի հետազոտել, դե կներեք, շատ վատ է, որ մինչև էս պահը չի հետազոտել, որովհետև այս խնդիրը 2000-ականներից կախված է Երևանի գլխին և առաջացնում է պրոբլեմներ։

Եթե ինչ-որ մեկը ցանկություն կունենա ավելի ակնհայտ բանն ավելի մանրակրկիտ հետազոտելու, կարծում եմ, դա տվյալ գերատեսչության խնդիրը կլինի»,- հայտնեց Բեգոյանը։

Ըստ նրա՝ ԳԱԱ-ում քննարկման հիմնական մեխն այն էր, որ թեղիները սպառել են իրենց, թեղիները Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն եղել, թեղիները բերվել են Երևան հեշտ և արագ լուծում տալու համար, և որ դրանք պետք է փոխարինվեն հետագա տարիների ընթացքում։

«Փոխարինումը կտևի 10-20 տարի՝ հաշվի առնելով Երևանում թեղիների մեծ քանակը»,- ասաց Արմեն Բեգոյանը։

Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նախորդ տարվա փետրվարի 23-ին գիտական աշխատաժողովի ժամանակ 25 գիտնական պնդել է՝ Երևան քաղաքի կանաչ տնկարկները լիարժեք չեն կատարում քաղաքային միջավայրին անհրաժեշտ էկոհամակարգային ծառայություններ, սանիտարական, էկոլոգիական և գեղագիտական։

«Փաստացի արձանագրվեց, որ Երևան համայնքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում գլխավոր և երկրորդական փողոցներում առկա են դեֆորմացված և կենսունանկության ավարտին մոտ գտնվող մանրատեսակներ՝ թեղի մանրատերև, հացենի սովորական և այլն, որոնք կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունն աղտոտված օդային ավազանի մաքրման, փոշու՝ օդում կախված մասնիկների կլանման, աղմուկի մեղմացման, գեղագիտական տեսքի և այլ նշանակության առումներով»,- ասաց քաղաքապետը՝ խնդրելով ևս մեկ անգամ հրապարակել այս փաստաթուղը։

«Եթե կա գիտական դեբատ, մեծ հաճույքով ևս մեկ շրջափուլ անցկացնենք, հասկանանք՝ միգուցե կա որոշակի ճշմարտություն, որ բաց ենք թողել։

Այնուամենայնիվ, որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է»,- ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքում այս տարի գարնանը նախատեսված էր փոխարինել շուրջ 400 ծառ: Աշխատանքների ընթացքում հատվել է 300 մանրատերև թեղի: Փոխարենը տնկվել են 350 նոր ու ֆունկցիոնալ ծառեր՝ լրացնելով նաև նախկինում հատված կամ ընկած ծառերից հետո ազատ մնացած բնաբաժակները:

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter