
Մինսկում կկայանա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին Մինսկում: Այդ մասին Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։
«Ապրիլի 12-ին Մինսկում ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում է քննարկել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական ասպեկտները, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության վիճակն ու հեռանկարները»,- ասել է նա։
Ղազախ պաշտոնյայի խոսքով՝ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի շարք որոշումներ, որոնք ուղղված են քաղաքական, մշակութային-հումանիտար և զբոսաշրջության ու սպորտի ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի հայտարարել, թե արդյոք արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի այս հանդիպմանը։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել