
Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի 24 բրիգադներից 19-ը. Նեթանյահու
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ռազմական գործողությունների կես տարվա ընթացքում ոչնչացրել է ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման 24 գումարտակներից 19-ը։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Այդ հայտարարությունը նա արել է Իսրայելի նախարարների կաբինետի նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում էր Կահիրեում հրադադարի շուրջ բանակցություններին իսրայելական պատվիրակության մասնակցությունը։
«Մեր ձեռքբերումները մեծ են. մենք ոչնչացրել ենք ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 19-ը, ներառյալ ավագ հրամանատարներին։ Մենք սպանել, վիրավորել կամ գերեվարել ենք ՀԱՄԱՍ-ի զգալի թվով ահաբեկիչների։ Մենք ոչնչացրել ենք հրթիռների արտադրության գործարանները, զենքի և զինամթերքի պահեստները»,- Իսրայելի վարչապետի խոսքերը մեջբերել է իսրայելական Ynet գործակալությունը։
Նեթանյահուն հավելել է, որ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը՝ խմբ.) կշարունակի «ՀԱՄԱՍ-ի վերացումը» այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածը «սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար»: Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ «հրադադար չի լինի» առանց ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված 133 պատանդների վերադարձի:
Կահիրեում ապրիլի 7-ին սկսվել են Գազայի հատվածում կրակի դադարեցման և ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին Իսրայելի բանտերում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակելու շուրջ հերթական բանակցությունները: Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը բանակցությունները վարում են միջնորդների՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջոցով։
Լուսանկարը՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության
Մեկնաբանել