HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Արամայիս Ավագյանը՝ ի պատասխան Վիտալի Բալասանյանի շտաբի հայտարարության

Այսօր Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը լուսանկարի հետ միասին տարածեց հաղորդագրություն, որով ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը մեղադրվում է Բակո Սահակյանի քարոզչական նյութերը «Facebook» սոցիալական ցանում տարածելու մեջ:

Հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «ԼՂՀ նախագահի ընտրությունների հետ կապված արցախյան որոշ պաշտոնյաներ ակտիվ գործունեություն են սկսել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Նրանցից է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ով «Ֆեյսբուքի» իր էջում տարածում է նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերը և հանդես գալիս այս թեկնածուի օգտին նախընտրական քարոզչությամբ:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի  19-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասով դատավորներին, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել»: 

«Հետքը» նույն սոցիալական ցանցով կապվեց Արամայիս Ավագյանի հետ ու խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը:

«Ինձ մեղադրանքներ առաջադրելը տեղին չէ: Ո՞րն է Ձեր կարծիքով իմ կողմից նախընտրական քարոզչությամբ զբաղվելը, այն, որ այս կամ այն թեկնածուի ծրագիրը հավանու՞մ եմ: Որպես քաղաքացի, նույն ձևով հավանել եմ նաև նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանի ծրագիրը, արդյոք դա հանցագործությո՞ւն է, հարգելիս, արդյոք դա համարում եք քարոզչությո՞ւն և քարոզչություն ասելով ընդհանրապես ի՞նչ ենք հասկանում: Որպես անհատ, եթե ինձ դուր է գալիս մի ծրագիր, ապա վերագրում եք որպես քարոզչություն, դրանով իսկ սահմանափակելով իմ` Սահմանադրությամբ նախատեսված իրավունքները:

Ես օրենքները լավ գիտեմ, ուղղակի խնդրում եմ` պետք չէ քաղաքականացնել այն, ինչը չկա: Ունենք պրոֆեսիոնալ դատական համակարգ, իրականացվում են մի շարք բարեփոխումներ, իհարկե, կարող են լինել դժգոհություններ: Մենք, որպես դատավորներ, անկախ ենք ամեն մի հարցում, մենք պաշտպանում ենք օրենքը, սակայն, չնայած իմ խորին հարգանքի, որպես նախագահի թեկնածու` Վ. Բալասանյանի կարող եմ հայտարարել, որ մենք Արցախում չունենք գրպանային դատական համակարգ, ինչպես նա էր արել նման հայտարարություն ամբողջ մի համակարգի մասին` դրանով իսկ վիրավորելով բազմաթիվ մարդկանց»,- ասաց Արամայիս Ավագյանը:

Լուսանկարը՝ Արամայիս Ավագյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter