Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ նոր հակահարձակման պլանի առկայության մասին
Ուկրաինան նոր հակահարձակման ծրագիր է մշակել, սակայն դրա իրականացման համար զենք է հարկավոր, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Այդ մասին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այո՛, մենք ունենք հակահարձակման ծրագիր»,- հաստատել է Զելենսկին՝ հավելելով, որ չի կարող նշել դրա մեկնարկի ամսաթիվը և երաշխավորել դրական արդյունք:
Պարբերականը գրում է, որ «Զելենսկին, ինչպես միշտ, զենք է խնդրում», բայց այս անգամ նա շեշտը դնում է ոչ թե տանկերի կամ հրթիռների, այլ հակաօդային պաշտպանության վրա։
Taurus նորագույն թևավոր հրթիռների մատակարարումից Գերմանիայի հրաժարվելու մասին Ուկրաինայի նախագահի արտահայտությունները Bild-ը բնութագրել է որպես «պայթյունավտանգ»:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է Ուկրաինային Taurus թևավոր հրթիռների մատակարարմանը։ Մատակարարումներից հրաժարվելը Շոլցը բացատրում է նրանով, որ Ուկրաինան կարող է օգտագործել Taurus-ը ռուսական թիկունքում գտնվող թիրախների վրա հարձակման համար։
The Economist-ին տված հարցազրույցում Զելենսկին ավելի վաղ խնդրել էր Կիևին տրամադրել 300 մղոն հեռահարությամբ գերմանական Taurus տեսակի թևավոր հրթիռներ։ The Hill-ի գնահատմամբ՝ դրանք «կատարյալ զենք» կլինեին Ղրիմի կամրջի ոչնչացման համար։
Լուսանկարը՝ Giorgos Moutafis/POLITICO
Մեկնաբանել