HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եթե Թեհրանը հարձակվի իր տարածքից, իսրայելական պատասխանը կլինի Իրանի տարածքում. Իսրայելի ԱԳ նախարար

Եթե Թեհրանն իրանական տարածքից հարձակվի Հրեական պետության տարածքի վրա, ապա իսրայելական պատասխանը կլինի հենց Իրանի տարածքում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը՝ Kan ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա իր տարածքից, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքում, քանի որ Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ հանդուրժել այդ տեսակի հարձակումները՝ իր քաղաքացիների հանդեպ պատասխանատվության պատճառով»,- ասել է Կացը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ «Իրանն օձի գլուխ է»։ «Առանց Իրանի չկա ՀԱՄԱՍ, չկան հութիներ, չկա Հեզբոլահ»,- հավելել է նա։

Երեքշաբթի օրը The Times of Israel-ը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները կարծում են, որ Իրանն իսրայելական կողմին կարող է հարվածել ապրիլի 12-ից հետո։ 

Ըստ այդ կանխատեսման՝ Իսրայելում ակնկալում են, որ Թեհրանը, որը կարող է պատասխանել Դամասկոսում իրանցի գեներալ Մոհամադ Ռեզա Զահեդիի և իրանցի մյուս զինվորականների սպանությանը, քայլեր չի ձեռնարկի մինչև մուսուլմանների համար Ռամադան ամսվա ավարտը: Այս տարի այն կավարտվի ապրիլի 12-ին։

Իսրայելում նաև կարծում են, որ Իրանի հնարավոր հարվածը ուղղված կլինի ռազմական կամ ռազմավարական օբյեկտներին, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքներին: The Times of Israel-ը նշում է, որ իսրայելական կողմը պատրաստվում է հնարավոր հարձակման ինչպես տարածաշրջանում իրանական արբանյակներից որևէ մեկից, այնպես էլ հենց Իրանից՝ չբացառելով նաև միանգամից մի քանի ուղղություններից հարվածելու հնարավորությունը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ իսրայելական պաշտպանական գերատեսչությունն ավարտել է ցանկացած հնարավոր սցենարի պատասխանի նախապատրաստումը։

Լուսանկարը՝ Chaim Goldberg/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter