HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները ներկայացված են Վենետիկի Դոժերի պալատում բացված ցուցահանդեսին

Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշ ներկայացված է Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։  

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ ցուցահանդեսը նվիրված է իտալացի հայտնի ճանապարհորդ, վաճառական Մարկո Պոլոյի մահվան 700-ամյա տարելիցին:

«Ցուցահանդեսի շրջանակում ավելի քան 300 ցուցանմուշ է համադրվել Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից և այլ երկրներից։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ցուցադրված են այնպիսի հոյակերտ նմուշներ, ինչպիսիք են՝ Անիից պեղված 13-րդ դ փայտյա փորագրազարդ գրակալներից մեկը, վագրի և հովազի մենամարտը պատկերող ոսկեթել հյուսվածքով մետաքսե գործվածքի պատառիկը, Անիից և Դվինից պեղված տարբեր գեղազարդումներով և պատկերներով ջնարակապատ ափսեներ, անոթներ, գավաթներ, ապակե հետաքրքիր նմուշներ, Սպիտակավոր եկեղեցուց իշխան Ամիր Հասանի որսի տեսարանով բարձրաքանդակը, Կիլիկյան Հայաստանի Լևոն II և Լևոն III արքաների արծաթյա դրամները և այլ խորհրդանշական նմուշներ։

Ցուցանմուշներն ուղեկցվում են «Երկու Հայաստանները և Մարկո Պոլոյի մուտքը Ասիա» և «Հայաստան՝ արքայի, գործվածքի, առևտրի և մշակույթի երկիր» խորագրերով բացատրական տեքստերով ու քարտեզներով, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին ճանապարհորդելու Մարկո Պոլոյի ժամանակների միջնադարյան հայկական աշխարհով։

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2024 թ. սեպտեմբերի 29-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter