ԱՄՆ-ն և ԵՄ-ն մասնակցում են Հայաստանի հետ անցկացվող անդրսահմանային դաշտային վարժանքին
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, պաշտպանության և էներգետիկայի դեպարտամենտները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ մասնակցեցին մի շարք դաշտային վարժանքների հուլիսի 9-12-ը ժամանակահատվածում:
Վարժանքները կիրառեցին իրատեսական սցենարներ զանգվածային ոչնչացման զենքին /ԶՈԶ/ վերաբերող նյութերի անօրինական տեղաշարժի դեպքում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը ցուցադրելու և ուժեղացնելու նպատակով:
Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները համագործակցում են ԶՈԶ-ի, ԶՈԶ-ին վերաբերող նյութերի և սովորական զենքերի ապօրինի փոխադրումն ու վաճառքը կանխարգելելու ուղղությամբ: Այս շաբաթվա ընթացքում անցկացված վարժանքները ամրապնդում են նշված համագործակցությունը և հիմնվում են Հայաստանի կողմից ընդունված պայմանագրերի վրա, որոնց նպատակն է իրականացնել անդրսահմանային հաղորդակցություն և գործողությունների համակարգում՝ միջուկային ու ռադիոակտիվ նյութերի տեղաշարժի հայտնաբերման ու արձագանքման համար:
Այս վարժանքները հաջորդում են 2012թ.-ին Կորեայի Սեուլ քաղաքում անցկացված Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ տարբեր երկրների առաջնորդները, այդ թվում նաև Հայաստանի պատվիրակները վերահաստատեցին իրենց պարտավորությունը միջազգային մակարդակով միջուկային անվտանգության ապահովման գործում:
Հայաստանի հետ ԱՄՆ և ԵՄ համագործակցությունը արտացոլում է համակողմանի պարտավորությունը՝ ուղղված ահաբեկիչների, մաքսանենգերի և զենք տարածողների կողմից միջուկային և ԶՈԶ-ին վերաբերող այլ նյութերի օգտագործումը կանխարգելելուն: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել