Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը
Խորհրդարանն ապրիլի 11-ի հերթական նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«Այն ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի օգոստոսի 22-ին` Մոսկվայում:
Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների կատարելագործումը եւ անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը:
Արձանագրությամբ կատարվող փոփոխությունները վերաբերում են կողմերի հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատմանը (տասնօրյա կտրվածքից անցում ամենշաբաթյա կտրվածքի)` հարկային տեղեկատվության ստացման եւ մշակման օպերատիվությունը բարձրացնելու համար: Իրականացվել են նաեւ որոշ տեխնիկական փոփոխություններ:
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Շիրակ Թորոսյանը»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել