Ղազախստանի նախագահը կայցելի Հայաստան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի կայցելի Հայաստան, որտեղ բանակցություններ կվարի ՀՀ ղեկավարության հետ: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 15-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Հայաստանի Հանրապետություն և բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստան այցի ավարտից հետո Տոկաևը Երևանից կմեկնի Ղազախստանի ջրհեղեղի գոտում գտնվող մարզերից մեկը:
Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում մարտի 18-ին կայացած բանակցությունների ժամանակ ընդգծել էր երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և հայկական կողմին անվանել Աստանայի վստահելի գործընկեր։
Մարտի 11-12-ը Տոկաևը պետական այցով այցելել էր Ադրբեջան, բանակցություններ վարել նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են տնտեսական և մշակութային-հումանիտար փոխգործակցության հարցեր: Ալիևն ու Տոկաևը շրջայց էին կատարել նաև Շուշիում։
Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել