HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Ի՞նչ ճակատագիր կունենան Կաշենի հանքի տարածքի հուշարձանները

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը այս տարվա հունիսին հաստատել է Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը: Մինչ այդ ստեղծվել էր միջգերատեսչական խումբ, որում ընդգրկված էին մասնագետներ տարբեր ոլորտներից՝ ԼՂ Ազգային ժողովից, կառավարությունից, որոնք էլ «Վալլեքս» խմբի ընկերությունների հետ նախապատրաստել են համապատասխան ծրագիրը։

Տարածքը, որտեղ պետք է իրականացվի արդյունահանումը, ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր (Գյուլաթաղ), Ճանկաթաղ (Չինգյաթաղ) և Ծաղկաշեն գյուղերը: Հանքավայրը շահագործելու է «Բեյզ Մեթալս» ընկերությունը («Վալլեքս» խմբի ընկերություններից մեկը):  

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կաշենի հանքավայրի տարածքում հաշվառված  են 110 հուշարձան-հուշարձանախմբեր, որոնք պարունակում են 2,5 հազարից ավելի հուշարձաններ: Դրանցից շուրջ 400-500-ը հնագիտական են (դամբարաններ, սրբատեղեր), մոտ 2 հազարը փոքր ձևի (խաչքար, տապանաքար, կոթող և այլն), իսկ 9 հուշարձան դասվում է ճարտարապետական-քաղաքաշինական հուշարձանների խմբին: Սակայն կան հուշարձաններ, որոնք ուսումնասիրված ու հաշվառված չեն:

Կան դամբարաններ, որոնք չեն երևում, կան նաև փլված ու կանգուն եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, գերեզմանոցներ ու կարասային թաղումներ: Այդ տարածքում աչքի ընկնող հուշարձաններն են Մելիք-Ալավերդյանների ապարանքը Վարդաձորում (Գյուլաթաղ) և Մելիք-Իսրայելյանների պալատը (ապարանքը) Մոխրաթաղի արևմուտքում:

 Մելիք Ալավերդյանների ապարանք: Մարտակերտի շրջան,
գ. Գյուլաթաղ, կառուցվել է 1799թ.:

Օրենքն արգելում է հուշարձանների քանդումը, սակայն եթե տվյալ տարածքը պետական կարևոր նշանակություն ունի, այսինքն` այդ հանքը կարևոր նշանակություն ունի Արցախի տնտեսության զարգացման համար, բացառիկ դեպքերում միայն կառավարության որոշմամբ կատարվում են հնագիտական հուշարձանների պեղման և ուսումնասիրման աշխատանքներ, հետո միայն այդ տարածքը հանձնվում է տվյալ կազմակերպությանը:  

Տվյալ դեպքում խոսքը դամբարանների մասին է, իսկ այլ հուշարձանների դեպքում, ըստ օրենքի, կատարվում են տեղափոխումներ: Սակայն, դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի տեղափոխվեն գերեզմաններն ու ապարանքները, առանձնապես Մելիք-Ալավերդյանների ու Մելիք-Իսրայելյանների ապարանքները:  

Խնդիրն ավելի է դժվարանում, քանի որ օրենքի համաձայն՝ հուշարձան է համարվում ոչ միայն տվյալ հուշարձանը, այլև նրա պատմական միջավայրը: Բացի դրանից՝ այդ ապարանքների տեղափոխումը մեծ ծախսերի հետ է կապված, և դրանք սովորական քարից չեն պատրաստված: Եթե պեղումների հարցը կարելի է լուծել, ապա հուշարձաններրի տեղափոխումը դժվար է պատկերացնել: Որտե՞ղ տեղափոխել, ինչպե՞ս տեղափոխել… Հնարավոր է նաև ապարանքների մի մասը տեղափոխեն, մի մասն էլ «կղզիացնեն»: Իսկ հետագայում արդյո՞ք հնարավոր կլինի կրաշաղախով կառուցված շինությունները վերականգնել:  

Կաշենի հանքավայրի տարածքում «Բեյզ Մեթալս» ընկերությունը շարունակում է ուսումնասիրության աշխատանքները:  

Գյուլաթաղ գյուղի գործող գերեզմանատան խաչքարը: Այս վայրը սրբատեղի է: Մարտակարետի շրջան: Խաչքար, Ս. Գևորգ եկեղեցի, Մարտակերտի շրջան, գ. Ջանյաթաղ:

Թե ինչու են Արցախի հուշարձանագետները լռում, անհասկանալի է, նրանք առայսօր ոչինչ չեն ասել: Ի դեպ, իշխանությունները տալիս են Վարդաձոր (Գյուլաթաղ), Ճյանկաթաղ (Չինգյաթաղ) և Ծաղկաշեն գյուղերի անունները, սակայն կառավարության «Հետքի» աղբյուրները նշում են, որ հանքի տարածքի մեջ են «մտնում ևս մի քանի գյուղեր, որոնց անունները դեռեւս չեն տալիս»: Այդ գյուղերում ևս կան հնագիտական շինություններ: Օրինակ՝ Մոխրաթաղում կա վանք, Վարդաձորի գերեզմանոցում կա հուշարձան և այլն:

«Հետքի» նույն աղբյուրները հայտնում են նաեւ, որ սխալ է, երբ ասում են՝ տարածքում անտառներ չկան: Վարդաձորի գերեզմանոցն ամբողջությամբ շրջապատված է անտառով, Ճանկաթաղն ու Վարդաձորը՝ նույնպես, Մելիք-Ալավերդյանների ապարանքներից մեկն անտառում է, իսկ Մելիք-Իսրայելյանների ապարանքը բացատում է, որի շուրջ նույնպես անտառ է: 

Առաջին լուսանկարը՝ Մարտակերտի շրջան, գյուղ Մաղավուզ

Մեկնաբանություններ (6)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սամվել(6) - Իսկ կոնկրետ ի՞նչ են արել Արցախի ներկայիս քաղաքական ղեկավարությունում ներկայացված մարդիկ (ու Վալեքսը) այդ երկիրը հայկական պահելու համար: Եթե դու գիտես տեղեկություններ/փաստեր,որ մնացածները չգիտեն,խնդրեմ՝ ասա: Իմիջիայլոց, այսօր՝ 20 տարի հետո էլ, ԱՄԲՈՂՋ ազատագրված տարածքներում 10.000 (տասը հազար) մարդ էլ չի ապրում:
Վ.Առաքելյան
Մեծ երկրաշարժից հետո բնակելի տուն շինելու համար հողատարածք ստացած աղետյալներից շատերը իրենց նոր տան հիմքերը քանդելիս հայտնաբերեցին չուսումնասիրված և չհաշվառված դամբարաններ որոնցում գտնվող կարասիները և կենդանիներ պատկերող բրոնզե ,,անարժեք,, արձանիկները պարզապես աղբի հետ դուրս շպրտվեց: Մեծ Հայքի ցանկացած բնակության համար պիտանի տարածքներում թաքնված են չուսումնասիրված և չհաշվառված կառույցներ որոնցում գտնվող առեղծվածային նման արձանիկները ,,անմիտ,, եվրոպացիները հարյուր հազարների հասնող եվրոյով են գնահատում, աղբարկղը նետելու փոխարեն:
gevorg
Մի քանի տարի է ինչ, Ծաղկաշենում սկսվել են ուսումնասիրությունները, և կառավարոեւթյան աղբյուրները նոր են բարձրաձայնում դամբարանների և պատմական հուշարձանների մասին, շաաաաաատ օպերատիվ տեղեկատվություն եք տալիս, իսկ գգուցե պարզապես նախընտրական հիստերիա է, մանավանդ, որ Արցախի իշխանությունները հենց այդ ճյուղն են հայտարարել գերակա...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Գևորգ(2) - Լրիվ համաձայն եմ: Նույնը վերաբերում է Սյունիքին: Այդ օտարները մի քանի տարի հետո հարստացած հետ են գնալու իրենց մաքուր երկրները ու վայելեն իրենց փողերը: Իսկ Հայաստանը/Արցախը մնալու է ԷԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ կոտրած տաշտակի առաջ ու ստիպված է լինելու ՆՈՐԻՑ սկսել.այս անգամ ՄԻՆՈՒՍԻՑ: Իմիջիայլոց, Արցախում կառավարություն չկա. թղթի վրա ձևական բան է:
Ռուբեն
Կառավարության նպատակը բոլորովին էլ նոր աշխատատեղ ստեղծելը չէ, այդ հանքորով։ Էնա, տեսնում ենք Դրմբոն էդ մարդկանց վիճակը։ Ուղղակի գյուղացիների մկանների հաշվին փող են աշխատում... Հազար ամոթ վաճառական դարձածԼՂՀ կառավարությանը...
Սամվել
Էս մեկնաբանություն գրողներից ոչ մեկը հավանաբար ոչ եղել է Արցախում, ոչ էլ պատկերացնում թե ինչ վիճակում է այդ երկիրն այսօր ու ինչի կարիք ունի: Էլ չեմ ասում, որ չեն էլ կարող հասկանալ, թե ինչ են արել ու անում Արցախի ներկայիս քաղաքական ղեկավարությունում ներկայացված մարդիկ (ու ինչու չէ, նաեւ Վալեքսը) այդ երկիրը հայկական պահելու համար: Ուրիշների անունների ետեւում թաքնված պարոնայք, մնացեք այդպես անանուն, եւ ինչպես չեք եկել, այնպես երբեք չգաք էլ Արցախ: Այստեղ դուք անելիք չունեք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter