Իրանը ԱՄՆ-ին կոչ է արել չխառնվել Իսրայելի հետ իր կոնֆլիկտին
Իրանն արաբական մի քանի երկրների միջոցով զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ եթե Վաշինգտոնը միջամտի Իրանի և Իսրայելի միջև հակամարտությանը, տարածաշրջանում ամերիկյան բազաները հարձակման կենթարկվեն: Այդ մասին գրում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն երեք պաշտոնյաների։
Պարբերականի զրուցակիցների տվյալներով՝ Իրանն արաբական երկրներին հասկացրել է, որ ԱՄՆ-ին պատասխանատու է համարում Դամասկոսում հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման համար, որի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ անդամներ:
Ինչպես նշել է Axios-ի աղբյուրներից մեկը, ստացված հաղորդագրություններից պարզ չէ, թե արդյոք Իրանը սպառնում է հարձակվել ԱՄՆ ուժերի վրա, եթե նրանք օգնեն Իսրայելին չեզոքացնել Իրանի կողմից արձակված բալիստիկ հրթիռները կամ էլ եթե ամերիկյան կողմը մասնակցի Իսրայելի պատասխան հարվածին։
Միևնույն ժամանակ աղբյուրը նշել է, որ ամերիկյան հետախուզությունում կարծում են, որ ամերիկյան բազաները հարձակման կենթարկվեն միայն այն դեպքում, եթե ամերիկացիներն ուղղակիորեն միանան իսրայելական հակահարվածին:
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Իսրայելն ակնկալում է Իրանի ուղիղ հարձակումը ուրբաթ կամ շաբաթ օրերին: Ենթադրվում է, որ հարձակման կենթարկվի երկրի հարավը կամ հյուսիսը։
Ավելի վաղ Axios-ի աղբյուրները հայտնել էին, որ Իրանը մտադիր է ֆորմալ «սահմանափակ» հարված հասցնել՝ ի պատասխան իսրայելական հարվածի, որը տարածաշրջանում չի հանգեցնի հետագա սրման։ Պարբերականի տվյալներով՝ Իրանը Շվեյցարիայի ներկայացուցչության միջոցով շփվում է Միացյալ Նահանգների հետ և այդ ալիքով ևս չեն փոխանցվել ուղիղ սպառնալիքներ։
Լուսանկարը՝ Carlos Barria / Reuters
Մեկնաբանել