Հնչյունային տիեզերք՝ աուտիզմի բուժման հիմքում․ «Վայրի դպրոցը» կվերածվի միջազգային ինստիտուտի
Աուտիզմի համախտանիշ ունեցող երեխաների հետ ձայնային թերապիայի մեթոդով աշխատող «Վայրի դպրոցի» համահիմնադիր, ֆրանսիացի կոմպոզիտոր Կամիլ Չալաևը Հանրային ռադիոյում ամփոփել է Երևանում գործող դպրոցի երկամյա գործունեությունը։ Հանրային ռադիոյի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Ամեն ինչ սկսվեց 1992-ին Փարիզում, հեռախոսային մի զանգից։ Ռեժիսոր Անատոլի Վասիլեվը կոմպոզիտոր Կամիլ Չալաևին հրավիրեց Ֆրանսիայի գլխավոր թատերաբեմում դիրիժորություն անելու։ Նույն թվականին ստեղծվեց «Նոր ազատ ակադեմիա» ոչ առևտրային ասոցիացիան՝ տարբեր արվեստագետների, նրանց թվում՝ բալետի մենակապարուհի Սաբինա Ժամենի մասնակցությամբ, որը հետագայում դարձավ Չալաևի կինը։ 1999-ին Սաբինային հրավիրեցին աշխատելու Փարիզից 60 կմ հեռավորության վրա գտնվող Մանտ լա Ժոլի փոքրիկ քաղաքում, որտեղ էլ երկուսով ստեղծեցին «Վայրի դպրոցը»։
Հենց այս շրջանում էլ ձևավորվեց երաժշտական գործիքների հավաքածուն, որը Կամիլ Չալաևի խոսքով, մանկավարժական պարտք ուներ կատարելու։
«Նրանցից որոշները պարբերաբար ենթարկվում էին ոչնչացման՝ կապված շարժումների վերահսկման կամ ինքնատիրապետման դժվարության հետ, երեխաների ընդգծված հիպերակտիվությամբ և ուշադրության պակասի համախտանիշով՝ հատկապես խմբի ներսում: Կոտրված երաժշտական գործիքները, այնուամենայնիվ, կատարեցին իրենց մանկավարժական պարտքը. երեխաները կամաց-կամաց սովորեցին հարգել իրենք իրենց, իրենց շրջապատը, մեզ և գործիքները, և առաջացավ «Վայրի նվագախումբը», որը և ես ղեկավարում էի որպես դիրիժոր»։
Ժամանակի ընթացքում աֆրիկյան գործիքներին ավելացան եթովպական, ճապոնական, հնդկական, չինական, վիետնամական, կորեական, եգիպտական, մեքսիկական, թայլանդական, վրացական, հայկական և այլ գործիքներ: Ըստ Չալաևի՝ գործիքներից յուրաքանչյուրը դարձավ ոգեշնչման աղբյուր՝ միաժամանակ ներկայացնելով այս կամ այն ժողովրդի քանդակը, ինչ-որ տեղ կերպար-էյդոսը՝ իր հնագույն գիտելիքներով:
Հետո «Վայրի դպրոցը» սկսեց գործել Օդեսայում։ Սվետլանա Գրիգորեվան և «Հրեշտակ ունեցող տներ»-ի հիմնադիր, պատգամավոր Բորիս Լիտվակը նրանց հրավիրեցին մանկական ուղեղային կաթված և աուտիզմ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնում աշխատելու։
«Վերջին ութ տարիներին կենտրոնի բժշկական և ֆիզիոթերապևտիկ անձնակազմերի հետ մշակում ենք ձայնային-շարժային թերապիայի մեթոդներ, որի հիմնական նպատակը խոչընդոտներից ձերբազատվելն էր՝ բառի ֆիզիոլոգիական, հոգեբանական, նյութական և այլաբանական իմաստներով»։
Ըստ Չալաևի՝ երաժշտությունը թույլ է տալիս հաղթահարել վախը և դառնալ անկախ։ Անհրաժեշտ գործոնը յուրաքանչյուր երեխայի կամ դեռահասի հետ լիովին անհատական աշխատանքի մեջ ստեղծագործական տարրի ներգրավումն է: Դրանով կարող են զբաղվել տարբեր մանկավարժներ՝ օգտագործելով տարբեր մեթոդներ. պարզապես անհրաժեշտ է նրանց կրթել: Այդ մանկավարժները պետք է երեք հիմնական կետ հաշվի առնեն։ Առաջինը «հրկիզման» հավանականությունն է, որը կարող է առաջանալ երեխաների հետ երկարատև և անարդյունավետ գործունեության ժամանակ, երբ ակնկալվող առաջընթացը տեղի է ունենում կա՛մ չափազանց դանդաղ, կա՛մ ընդհանրապես հնարավոր չէ:
Երկրորդը դիագոգիան է՝ միասին ժամանակը լիարժեք վերապրելու մասին գիտությունը: Ժամանակի բանալին տարածությունն է, որը հագեցված է ձայնի արտադրության և վերարտադրման համար հասանելի տարբեր գործիքներով, այլ կերպ ասած՝ երաժշտական գործիքներով։ Դրանք մղում են ձայնի բացահայտման։ Երրորդը՝ զգայական ընկալման վրա կառուցված գործընթացների ֆիզիոլոգիական բնույթն է։
Կամիլ Չալաև․ «Վերջին հատկանիշը ես անվանում եմ քաոսի վերականգնում: Ձայնային կառույցների առումով երաժշտությունն այն է, ինչ մեր ուղեղը որոշում է ընկալել՝ որպես երաժշտություն (Լ. Բերիո). այսպիսով, թվացյալ կապակցվածություն չունեցող հնչյունների ցանկացած խումբ, որը կարող է թողնել վատ գործող նվագախմբի կամ պատահական երևույթների քաոսային բնական համակեցության առաջին տպավորությունը, իրականում բարդ կազմակերպված ստոխաստիկ տիեզերքի՝ մեր դեպքում հնչյունային տիեզերքի արտացոլումն է: Հենց դրա ներսում են ի հայտ գալիս որոշակի կազմակերպված ձայնային երևույթների ընդգծած հրավիճակները»:
Երաժշտական գործիքների մշտական ընդլայնումը թույլ է տալիս պահպանել հետաքրքրությունը ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների շրջանում: Փոփոխվող խաղի սյուժեների և դրանց օգտագործման համատեքստում հնարամտության շնորհիվ նոր համակցությունների որոնումը երաշխավորում է զարմանքի աստիճանի պահպանումը: Հատկապես հետաքրքիր են երաժշտական գործիքների կապերը միմյանց հետ: Սա թույլ է տալիս խուսափել առօրեականությունից և մշտապես գտնվել ստեղծագործականության մեջ։
Նոր երեխաների բերելիս ծանոթացման փուլում՝ հատկապես սկզբում, ծնողներն ակտիվորեն ներգրավվում են էվրիստիկ գործընթացում՝ իրենց երեխաների հետ միասին դառնալով նրանց համար անհայտ ձայնային ջունգլիների միջով անցնող նախամարտիկներ: Անակնկալ հնչյուններ դառնում են զարմանքի, ուրախության, հաճույքի և ծիծաղի աղբյուր։
«Յուրաքանչյուր առանձին վերցված երեխա գտնում է գործունեության իր սեփական ռիթմը երեք առաջարկվող տարածքներում, և Աբովյան 66 հասցեում գտնվող նախասրահում նրա նախասիրություններն ու գոյության ձևերը գնալով ավելի ակնհայտ են դառնում: Այսպիսով, յուրաքանչյուր երեխա իր հերթին դառնում է ուսուցչի ուսուցիչ։ Սա հատկապես վերաբերում է այն երեխաներին, որոնք շաբաթական առնվազն երկու անգամ կանոնավոր մասնակցում են պարապմունքներին. նրանց համար յուրաքանչյուր դաս ինչ-որ տեղ քննություն է»։
Կամիլ Չալաևը նպատակ ունի ստեղծել Բժշկական երաժշտության միջազգային ինստիտուտների ցանց՝ աշխարհի տարբեր երկրներում։ Այժմ առավելագույն արդյունավետությամբ օգտագործում է պարապմունքների համար հատակցված տարածքը՝ սպիտակ նեոնային լույսով պատված նախկին ատամնաբուժարանը, որտեղ ձմռանը շատ ցուրտ է, իսկ ամռանը՝ զով, ինչը մեծացնում է հենց ամառային պարապմունքների գրավչությունը: Այս տարածքի համար երախտապարտ է Ժողովրդական արվեստի թանգարանին։
Բժշկական երաժշտության միջազգային ինստիտուտն անհրաժեշտ է որպես համարժեք ինքնատիպ տարածք, որը կարող է ծառայել երեխաներին՝ իրենց երկրների ապագա քաղաքացիներին, անկախ նրանից, թե նրանք ինչ անհամապատասխանություն ունեն հասարակության նորմերին կամ հոգեկան ու այլ առողջության «նորմալության» չափանիշներին»։
Միջոցառման լուսանկարները՝ Ջուլիետտա Գրիգորյանի
Դպրոցի նկարները՝ Yuluia Bozhych-ի
Մեկնաբանել