Բելգիան հետաքննություն է սկսել Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ
Բելգիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Եվրախորհրդարանի՝ հունիսին կայանալիք ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են Reuters-ը և Bloomberg-ը՝ հղում անելով Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին։
Նրա խոսքով՝ քննիչները հաստատել են ռուսական գործակալական ցանցի գոյության մասին հատուկ ծառայությունների տեղեկատվությունը, որը փորձում է ԵՄ-ում նվազեցնել Ուկրաինային աջակցության մակարդակը:
«Նպատակն այն է, որ օգնեն Եվրախորհրդարանում հնարավորինս շատ ռուսամետ թեկնածուներ ընտրվեն և այդ ինստիտուտում ամրապնդել ինչ-որ ռուսամետ ուղեգիծ»,- լրագրողներին հայտարարել է Դե Կրոն։
Վարչապետը նշել է, որ Բելգիան հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Չեխիայի իշխանությունները տեղեկացրել են ռուսամետ ցանցի բացահայտման մասին, որի անդամները փորձում էին ազդել եվրոպացի պատգամավորների վրա, այդ թվում՝ կաշառքի միջոցով:
Բելգիայի դատախազությունում AFP գործակալության աղբյուրը նշել է, որ գերատեսչությունը հետաքննությունը սկսել է ապրիլի 11-ին։
Մարտի վերջին Չեխիայի իշխանությունները հայտարարել էին, որ բացահայտել են ռուսական ցանցի մասին, որը փորձել է ազդել Եվրոպայում հասարակական կարծիքի վրա, այդ թվում՝ Եվրախորհրդարանի ընտրություններին միջամտելու նպատակով: Այդ ցանցի մի մասն էր Voice of Europe լրատվական կայքը, որը, ինչպես ենթադրում են չեխական իշխանությունները, ֆինանսավորվում և վերահսկվում է Ռուսաստանի, ինչպես նաև ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի ու պրոդյուսեր Արտյոմ Մարչևսկու կողմից։ Ցանցի բացահայտումից հետո Չեխիայի իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել նրանց նկատմամբ։
Լուսանկարը՝ Frederick Florin/AFP via Getty Images
Մեկնաբանել