Իրանի ձախողված հարձակումն Իսրայելի վրա. ինչ է հայտնի այս պահի դրությամբ
Անցած գիշերը Մերձավոր Արևելքում խիստ լարված էր։ Իրանը օդային հարձակում էր սկսել Իսրայելի դեմ։ Հրեական պետությունը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հորդանանի օգնությամբ չեզոքացրել է Իսրայելի վրա Թեհրանի զանգվածային հարձակումը։ Այն տևել է շուրջ 5 ժամ։ «Հետք»-ը առցանց թարմացմամբ իր ընթերցողներին պատմում էր մերձավորարևելյան տարածաշրջանում դեպքերի սրընթաց զարգացման մասին։
Չնայած գիշերն Իրանի խորհրդարանում պատգամավորները տոնում էին իրանական կողմի հարձակումը Իսրայելի վրա, այդուհանդերձ հարձակումից 12 ժամ անց պարզ է, որ այն անհաջող էր։ Հրթիռների և անօդաչուների ճնշող մեծամասնությունը չի էլ հասել Իսրայելի տարածք։
Celebrations and chants of “Death to Israel” in Iran’s parliament this morning.
— Eytan Halon 🎗️ (@eytanhalon) April 14, 2024
Despite their best efforts, last night should have proved to the Ayatollah terror regime that we’re not going anywhere.
pic.twitter.com/gDnX9fYytG
ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ- խմբ.) պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իրանն արձակել է մոտ 170 անօդաչու, ավելի քան 30 թևավոր հրթիռ և ավելի քան 120 բալիստիկ հրթիռ, որոնց ճնշող մեծամասնությունը խոցվել է Իսրայելի և դաշնակից երկրների կողմից։
Հագարին նշել է, որ հրթիռների և անօդաչուների 99 %-ը չեզոքացվել են։ Նրա խոսքով՝ մի քանի հրթիռ ընկել է Իսրայելի հարավում՝ «Նևաթիմ» ավիաբազայի տարածքում, ինչի հետևանքով ավիաբազան ստացել է աննշան վնասներ։
Ի հաստատումն ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքերի՝ իսրայելական բանակը հրապարակել է կադրեր, որտեղ, ինչպես նշվում է, երևում է, թե ինչպես է F-35 կործանիչը վայրէջք կատարում ավիաբազայի տարածքում։
תיעוד מנחיתת מטוסי האדיר ממשימת הגנת השמיים חזרה בבסיס חיל האוויר נבטים pic.twitter.com/479ez8rUvl
— צבא ההגנה לישראל (@idfonline) April 14, 2024
Հագարին նշել է, որ Իսրայելը իրանական հարձակումը կանխել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ միասին։ CNN-ը, հղում անելով ամերիկացի երկու անանուն աղբյուրի, հայտնել է, որ Միացյալ Նահանգները խոցել է ավելի քան 70 անօդաչու և առնվազն 3 բալիստիկ հրթիռ։
Ռուսաստանում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ իրանական հարձակման հետևանքով կա 1 զոհ՝ 7-ամյա աղջիկ երեխա, որը մահացու վիրավորում է ստացել բեկորի ընկնելու հետևանքով։ 31 մարդ էլ ստացել է բուժօգնություն, սակայն նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ունեցել են խուճապի նոպաներ կամ ստացել են թեթև վնասվածքներ, երբ փախչում էին դեպի ռմբապաստարաններ։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Արադա քաղաքում բեդուինների ընտանիքից 10-ամյա մի աղջնակ էլ ստացել է ծանր վիրավորում։ Պատճառը դարձյալ բեկորն է եղել։
יירטנו. בלמנו.
— Benjamin Netanyahu - בנימין נתניהו (@netanyahu) April 14, 2024
יחד ננצח 🇮🇱
«Մենք չեզոքացրինք, մենք զսպեցինք: Միասին մենք կհաղթենք»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ողջ գիշեր նա եղել է Իսրայելի պաշտպանության բանակի վարչական համալիրում։ Մեկ այլ հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN-ը, Նեթանյահուն հայտարարել է. «Մենք հստակ սկզբունք ենք սահմանել՝ ով մեզ վնասի, մենք կվնասենք նրանց։ Մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք սառնասրտորեն ու վճռականորեն»։
Իրանում ևս հայտարարել են հարձակման ավարտի մասին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ «Կատարված խոստում» գործողությունը հասել է իր նպատակներին: Mehr գործակալությունը փոխանցում է, որ նա նաև զգուշացրել է, որ իրանական ուժերն ավելի ծանրակշիռ պատասխան կտան Իրանի նկատմամբ հետագա ագրեսիվ գործողությունների դեպքում։
The New York Times-ն էլ, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներից մեկին, գրում է, որ Իրանի հարվածներին պատասխանը Իսրայելի կհամակարգի դաշնակիցների հետ։ Ընդ որում, ինչպես փոխանցել է CNN-ի աղբյուրը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի մասնակցի Իրանի դեմ հարձակողական գործողություններին:
CNN-ի տվյալներով՝ միևնույն հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը Նեթանյահուին ասել է, որ Իսրայելը կարող է Իրանի հարձակման կանխումն անվանել հաղթանակ, քանի որ, ամերիկյան տվյալներով, Իսրայելին չի հասցվել ոչ մի լուրջ վնաս։
Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ այսօր՝ ապրիլի 14-ին, Ջո Բայդենը առցանց տարբերակով կհանդիպի G7-ի առաջնորդների հետ՝ «Իրանի լկտի հարձակմանը միասնական դիվանագիտական պատասխանը համակարգելու համար»։
Following a letter received from @IsraelinUN ,the Maltese Presidency of the #UNSC has scheduled an open emergency meeting of the Council tomorrow at 4pm under the agenda item “The situation in the Middle East” to consider the drone & missile attack by #Iran on #Israel @MFETMalta
— Vanessa Frazier 🧡 (@_VanessaFrazier) April 14, 2024
Բացի այդ, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին կմեկնարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը նվիրված կլինի իրանական կողմի հարձակմանը Հրեական պետության վրա։ Նիստ գումարելու նախաձեռնությունը ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Գիլադ Էրդանինն է։
This evening, I sent an urgent letter to the president of the Security Council, @_VanessaFrazier. I called on the Council to hold an emergency meeting and demanded that they condemn Iran’s attack on Israel and designate the Iranian Revolutionary Guard Corps as a terror… pic.twitter.com/3AS6RvuV3M
— Ambassador Gilad Erdan גלעד ארדן (@giladerdan1) April 14, 2024
Իսրայելը, Հորդանանը, Իրաքը և Լիբանանը վերսկսել են ավիահաղորդակցությունը իրենց տարածքում։ Առաջին ուղևորատար ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Թել Ավիվում գտնվող Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում, ռուսական Red Wings ավիաընկերության ինքնաթիռն է:
Լուսանկարը՝ Mostafa Alkharouf/Anadolu via Getty Images
Մեկնաբանել