Գյուղնախարարը՝ Գեղարքունիքի մարզում
Ոլորտի հիմնախնդիրներին և բերքահավաքի աշխատանքներին տեղում ծանոթանալու հերթը այսօր Գեղարքունիքինն էր , ուր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը սկսվեց մարզի ղեկավարների, համայնքապետերի, ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մարզկենտրոնում կայացած հանդիպմամբ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նախարարը հանգամանորեն անդրադարձավ գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցման ծրագրերին, այդ թվում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության » ծրագրին, վերջինիս շրջանակներում իրականացվող արոտավայրերի կառավարման, անասնապահության զարգացման և արոտների ջրարբիացման աշխատանքներին:
Նա նշեց, որ 5 համայնքներում ( Գեղամավան, Չկալովկա, Շորժա, Մադինա և Վարդաձոր) արոտավայրերի ջրարբիացման և գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման գործընթացներն արդեն ավարտական փուլում են, իսկ վեցերորդ՝ Խաչաղբյուր համայնքում, ծրագիրը նոր է մեկանրկել և ներկայումս ընթացքի մեջ է կառավարման պլանի մշակումը:
Նախարարը կարևորեց նաև կաթ վերամշակողների և կաթ արտադրողների միություններ ստեղծելու գործոնը, ինչը մեծապես պետք է նպաստի ֆերմերների և վերամշակողների հարաբերությունների կանոնակարգմանը, ապահովի կաթի մթերման խելամիտ գների ձևավորումը և արտադրվող ու մթերվող ծավալների զգալի աճը: Աջակցման ծրագրերի շարքում նախարարը անդրադարձավ նաև ‹‹ՀՀ-ում 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրին››, նշելով, որ նախորդ տարի մարզին հատկացվել է 359.85 տոննա էլիտային և 588 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որով ցանք է իրականացվել 1199.5 հա-ի վրա:
‹‹2011 թվականի համեմատությամբ 2012-ին մարզում հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերն ավելացել են 7344 հեկտարով: 1500 հա-ով ավելացել են կարտոֆիլի ցանքերը: Մարզի հողօգտագործողներին մատչելի գներով՝ մեկ պարկը 6000 դրամով, տրամադրվել է 3610 տոննա ազոտական պարարտանյութ: Մեկ այլ ծրագրով՝ մարզը մատչելի գներով ստացել է նաև 2700 տոննա դիզելային վառելանյութ››,- նշեց նախարարը, հավաստիացնելով մասնակիցներին, որ այսուհետ կառավարության կողմից իրականացվող նման ծրագրերն ավելի ընդգրկուն ու հասցեական են լինելու: Դա հնարավորություն կտա լուծել նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ գյուղատնտեսական չօգտագործվող հողատեսքերը օգտագործման ոլորտ վերադարձնելը: Պետք է հասնել այն բանին, որ առաջիկայում առնվազն դրանց 20%-ը դառնա լիարժեք օգտագործելի ու բերքատու:
Օրվա երկրորդ կեսին մարզպետի հետ Սերգո Կարապետյանը եղավ Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ համայնքի հացահատիկի արտերում, ուր առանձին գյուղացիներ դժգոհեցին սպասվող բերքից, կապելով այն սերմացուի որակի հետ: Զրույցի ընթացքում շոշափվեցին նաև առաջիկա բերքահավաքի կազմակերպման և աշնանացան ցորենի որակյալ սերմացուով ապահովվածության հարցեր: Նույնպիսի հարցեր հնչեցին նաև Վարդենիսի տարածաշրջանի համայնքապետերի և Նորակերտ համայնքի գյուղացիների հետ կայացած հանդիպման ժամանակ, ուր նույնպես նախարար Սերգո Կարապետյանն ու մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խոստացան անհատական մոտեցում ցուցաբերել ներկայացված յուրաքանչյուր դրվագի լրացուցիչ ուսումնասիրմանն ու լուծում տալուն:
Այցելության վերջին կանգառը Մեծ Մասրիկն էր, ուր քննարկվեց համայնքը գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրում ընդգրկելու հարցը: Առաջիկայում այստեղ կկազմակերպվի արոտօգտագործողների կոոպերացիա, որը ձեռնամուխ կլինի համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի բարելավմանն ու ջրարբիացմանը:
Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել