Վարդան Այվազյանն ու ընտանիքի անդամներն անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով
Բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին։ Նախկին պաշտոնյային ու ընտանիքի անդամներին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նրանք իրավունք ունեն ներկայացնելու դիրքորոշում՝ ուսումնասիրության վերաբերյալ։
Վարդան Այվազյանից բացի, ուսումնասիրվել և ամփոփոգրեր են կազմվել վերջինիս կնոջը՝ Մարիամ Գինոսյանին, որդուն՝ Սուրեն Այվազյանին, դստերը՝ Արմինե Այվազյանին և եղբորը՝ Գագիկ Այվազյանին պատկանող գույքի վերաբերյալ։ Դատախազություն է հրավիրվել նաև Հարություն Մուրադյանը։ Վերջինս Այվազյաններին պատկանող ընկերություններից մեկի աշխատակցի ամուսինն է։ Ամենայն հավանականությամբ նրա անվամբ գրանցված գույքը վերագրվում է Այվազյաններին։
Նշված անձինք պետք է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանան ապրիլի 19-ին։
Նշենք, որ այս փուլում Դատախազությունը չի հրապարակում ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն՝ պատճառաբանելով, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո հնարավոր է ներկայացնեն ձեռքբերման հիմքերն օրինականացնող ապացույց, հետևաբար ցանկը կփոխվի։
Հիշեցնենք, որ 2023թ․-ին էլ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ դատարան է ուղարկվել Վարդան Այվազյանի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործը։
Ըստ հաղորդագրության՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և իր փաստացի բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության «АКМ» տեսակի ինքնաձիգերից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 12 հատ 7,62 մմ (7,62*39) տրամաչափի, «СВД» տեսակի նշանառու հրացաններից, «ПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 2 հատ 7,62մմ (7,62*54R) տրամաչափի մարտական փամփուշտներ, ինչպես նաև՝ «MP-446 (Viking)», «Glock» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 34 հատ 9 մմ (9*19) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտներ։
Մեկնաբանել