
ՔԿ. առերևույթ խուլիգանություն հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
«2024թ․ ապրիլի 15-ին ՆԳՆ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը, ժամը 14.10-ից մինչև 14.30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածում, երթուղային տրանսպորտում, անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել և հնչեցրել սպառնալիքներ ԱԺ պատգամավոր Հ․ Ասլանյանի հասցեին՝ իրեն թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ։
Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը:
Ապրիլի 15-ին` ժամը 17:15-ին, վերոնշյալ խուլիգանական արարքներն առերևույթ կատարելու կասկածանքով Ոստիկանություն է տարվել Երևան քաղաքի բնակիչ Ս․ Վ․-ն, ով նույն օրը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով»,- ասված է հաղորդագրությունում:
Մեկնաբանել