ՀԱՊԿ-ում տարակուսանք են հայտնում Հայաստանի անդամակցության սառեցման կապակցությամբ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հարցազրույց է տվել ռուսական NEWS.ru-ին, որտեղ հրաժարվել է «սառեցում» հասկացությունն օգտագործել կազմակերպությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ։ Նա վերահաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է ՀԱՊԿ-ում իր գործունեության ծավալը և նշել, որ այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի կազմակերպության բոլոր մասնակիցներին:
««Սառեցում» հասկացությունն արտացոլված չէ կազմակերպության փաստաթղթերում, ուստի մենք այն չենք օգտագործի ներկայիս իրավիճակի հետ կապված: Հայաստանն իսկապես էականորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես կազմակերպության անդամ, բայց, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով»,- հայտարարել է Տասմագամբետովը՝ հավելելով, որ այդ հարցում հստակությունը ձեռնտու կլիներ ՀԱՊԿ բոլոր անդամներին, առաջին հերթին՝ լիարժեք պլանավորման համար։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի նման միությանն անդամակցելը արտոնություն է, որի շնորհիվ «խելամիտ մոտեցման դեպքում մասնակիցը հնարավորություն է ստանում լիարժեքորեն ապահովել ազգային անվտանգությունը», հատկապես, եթե «երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մարտահրավերներն ու սպառնալիքները տեղական վերլուծաբանների կողմից հաճախ գնահատվում են որպես էքզիստենցիալ»:
Ղազախ պաշտոնյայի խոսքով՝ նախկին ծավալով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարությունից: Նա նաև նշել է, որ վերլուծաբանները Հարավային Կովկասում իրավիճակի սրման միտում են նկատում։
«Ակնհայտ է, որ նման ռիսկեր կան։ Ուստի տարածաշրջանի երկրների քաղաքական ղեկավարությունը մեծ պատասխանատվություն է կրում նախ և առաջ իրենց ժողովուրդների առջև։ ՀԱՊԿ քարտուղարությունն իր հերթին միշտ պատրաստ է լուծել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրները՝ կազմակերպության նպատակներին, ստորագրված փաստաթղթերին և հնչեցված նախաձեռնություններին համապատասխան, ինչի մասին բազմիցս հայտարարվել է»,- եզրափակել է Իմանգալի Տասմագամբետովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները: Փաշինյանը հավելել էր, որ դրանից հետո Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։
Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո մեր երկիրը դեռևս չի նշանակել իր մշտական ներկայացուցչին այդ կազմակերպությունում։ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:
Լուսանկարը՝ ՀԱՊԿ մամուլի ծառայության
Մեկնաբանել