HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը թերահավատորեն է վերաբերվում Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադարի գաղափարին. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ Ամառային օլիմպիական խաղերի ընթացքում Ուկրաինայում զինադադար հաստատելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ Կրեմլը թերահավատորեն է վերաբերվում նման գաղափարներին, քանի որ Կիևը կարող է նման նախաձեռնություններն օգտագործել վերազինման համար:

«Ե՛վ նախագահը, և՛ մեր զինվորականներն ուշադրություն էին դարձնում, որ, որպես կանոն, Կիևի ռեժիմը (ի նկատի ունի Ուկրաինայի լեգիտիմ իշխանություններին՝ խմբ.) նման նախաձեռնություններն օգտագործում է վերախմբավորվելու, վերազինվելու փորձերի համար և այլն։ Դա, իհարկե, բարդացնում է նման նախաձեռնությունների քննարկման գործընթացը։ Եվ մինչ այժմ ոչ ոք պաշտոնական քայլ չի արել այդ ուղղությամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պեսկովը։

Նախօրեին Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ 2024 թվականի ամռանը Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերը պետք է «դիվանագիտական խաղաղության պահ» դառնան: Նա հավելել էր, որ արդեն աշխատում է օլիմպիական խաղերի ժամանակ Ուկրաինայում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման ծրագրի վրա։

Ֆրանսիայի նախագահը դեռ այս տարվա մարտին էր առաջին անգամ առաջարկել օլիմպիական խաղերի ժամանակ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքը տեղյակ չէ Մակրոնի այդ ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկացած պարագայում գործելու է՝ ելնելով իր շահերից։

Լուսանկարը՝ ironpinoy.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter