
Մոլդովայի սահմանադրական դատարանը հավանություն է տվել ԵՄ անդամակցության համար հանրաքվե անելու գաղափարին
Մոլդովայի սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Եվրամիությանը Մոլդովայի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու խորհրդարանի նախաձեռնությունը: Դրա արդյունքներով նախատեսվում է փոփոխություններ մտցնել Մոլդովայի սահմանադրության մեջ։ Որպես հանրաքվեի օր է որոշվել հոկտեմբերի 20-ը։ Այդ օրը կկայանան նաև Մոլդովայի նախագահական ընտրությունները։
«Սահմանադրության վերանայման նախաձեռնությունը համապատասխանում է հիմնական օրենքի դրույթներին և կարող է ներկայացվել խորհրդարանի հաստատմանը»,- հայտարարել է Մոլդովայի սահմանադրական դատարանի նախագահ Դոմնիկա Մանոլեն։
2023 թվականի դեկտեմբերի 14-ին, ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով, որոշվել էր Միությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել։ Ապրիլին Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն հայտարարել էր, որ աջակցում է Մոլդովայի հետ Ռումինիայի միավորման գաղափարին, օրինակ՝ երկու երկրների՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով: Իրականացված հարցումների համաձայն՝ Մոլդովայի քաղաքացիների ավելի քան 56 %-ը կողմ է Եվրամիությանը Քիշնևի անդամակցությանը։
Լուսանկարը՝ euneighbourseast.eu-ից
Մեկնաբանել