
«Կյանքի խոսքն» աղա՞նդ է, թե՞ Մայր Աթոռի պատասխանն է իրավախախտ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաստատել է, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը աղանդ է: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հայցի քննությունն ընդդեմ «Իրավունք» թերթի:
Հիշեցնենք' «Կյանքի խոսքը» դատարանում վիճարկում է «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը: Կազմակերպությունը վիրավորական և զրպարտություն է համարում թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը (նաև' ծաղրանք), իսկ հետևյալ նախադասություններ համարել է և' վիրավորանք, և' զրպարտություն. «Անշուշտ, մենք առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոուբիզնեսին այդքան բնորոշ անառակաբարո վարքագծին և, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք: Առաջինը, որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին' «Կյանքի խոսքին», որին պատկանում են նաև շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, և ավելին' այդ պատկանելությունը հաճախ նրանց առաջխաղացման նախապայմաններից մեկն է»:
«Կյանքի խոսքը» հասցված վիրավորանքի համար պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, ինչպես որ տեղադրվել էր հոդվածը, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը: Գումարային պահանջը մեծ չէ, հոգուտ «Կյանքի խոսքի» բռնագանձել պետական տուրքի գումարները' 8 հազար դրամ, ինչպես նաև թարգմանչական և նոտարական ծախսերը' 15 հազար դրամ:
«Իրավունքի» ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօրվա նիստին իր խոսքում ներկայացրեց Մայր Աթոռից ստացված գրության պատասխանը: «Հայ առաքելական եկեղեցին որևէ կապ չունի «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետ, «Կյանքի խոսք» կազմակերպությունը չի կարող դիտվել որպես հայ եկեղեցու բաղկացուցիչ մաս: «Կյանքի խոսքը» աղանդ է համարվում, որովհետև նրա դավանանքը և ուսմունքը շեղված է առաքելական ճշմարիտ եկեղեցու հավատքից և սրբազան հաղորդությունից, նրա ծեսերը և խորհուրդներ չեն համապատասխանում եկեղեցու կանոնական և ավանդական սկզբունքներին, այն չի ընդունվում և չունի առաքելական հաջորդականություն և նվիրապետություն»:
«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության և դրա ղեկավար Արթուր Սիմոնյանի ներկայացուցիչ Ավետիք Պապինյանը պնդեց, որ այս պատասխանը չի կարող դրվել վճռի հիմքում և առհասարակ հաշվի առնվել դատարանի կողմից, քանի որ իրավաբանական ուժ չունի և հանրաճանաչ իրավունքների խախտման փաստ է պարունակում: Եկեղեցուն տրված հարցը, թե «Կյանքի խոսքը» համարվո՞ւմ է աղանդավորական կազմակերպություն, ըստ փաստաբանի, հակասում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքին, «Կյանքի խոսքը» երբևէ չի նշել, որ կապ ունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ, և Հայ Առաքելական Եկեղեցուն վերպահված չէ իրավունք' հայտնելու որևէ կարծիք, այդ թվում թվացյալ մասնագիտական այլ եկեղեցու կամ կրոնական կազմակերպությունների մասին, հետևաբար հարցը Հայ Առաքելական Եկեղեցու իրավասությունից դուրս է և այս վեճում որևէ նշանակություն, առավել ևս ապացուցողական, չի կարող ունենալ:
Փաստաբան Պապինյանը, մեջբերելով Եվրադատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշեց, որ ժողովրդավարական և իրավական հասարակությունում, նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առկայության պայմաններում, Մայր Աթոռի պատասխանը իրավախախտ և նշվածներին հակասող պատասխան է: Այն կոպտագույնս խախտում է հասարակության անդմաների կյանքի հոգևոր կողմի ազատ բազմակարծությունը և ժխտողական և նեգատիվ կերպով պիտակավորում նրա հանրահայտ իրավունքը, միևնույն ժամանակ վտանգում և պայմաններ է ստեղծում այդ իրավունքի սահմանափակման տեսանկյունից: Փաստաբանը միջնորդեց այն չդիտարկել ապացույցների շարքում, որին թերթի ներկայացուցիրը առարկեց' նշելով, որ դատարանն է գնահատում ներկայացված ապացույցները, ինչին համաձայնություն հայտնեց նաև դատավոր Ռ. Ներսիսյանը և մերժեց միջնորդությունը:
Անդրադառնալով «աղանդ» բառի վիրավորական լինել-չլինելուն, Ավետիք Պապինյանը պնդեց դրա վիրավորական լինելը, մեջբերեց «աղանդ» բառի բառարանային իմաստներ, որոնք բացասական են, այն է' կախարդանք, տվյալ երկրում ընդունված կրոնին դեմ կամ օտար կրոն, մոլորություն և այլն: Նա նաև վկայակոչեց մասնագետների կողմից արված բազում գիտական, վերլուծական, մասնագիտական աշխատություններ, որոնցում հիմնավորվում է «աղանդ» բառի վիրավորական և զրպարտչական լինելու հանգամանքը և որից բխում է ստորացնող և նսեմացնող նշանակությունը:
Թերթի ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը առարկեց հայցադիմումին ամբողջությամբ. հղում կատարեց «աղանդ» եզրույթի' Ղ.Աղայանի բառարանային բացատրությանը, համաձայն որի' աղանդը տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք է, տվյալ երկրում ընդունված կրոնից օտար մեկ այլ կրոն, որևէ ուսմունքից շեղվող ուղղություն: «Աղանդ» նշանակում է նաև որևէ ուսմունքի հիմունքներից շեղվելը, իսկ «աղանդավորը» աղանդի հետևորդն է, հերետիկոս, խմբակային իրենց շահերով ու դոգմատիկ համոզմունքներին հետևող գործիչ, աղանդավորություն տարածող և այլն:
Ըստ այդմ, փաստաբանը դատարանին միջնորդեց մերժել «Կյանքի խոսքի» հայցը և որպես դատական ծախս «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունից և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանից հօգուտ «Իրավունքի» բռնագանձել 300-հազարական դրամ որպես փաստաբանի վարձատրության գումար:
Կողմերը այսօր ներկայացրեցին իրենց դիրքորոշումը, որից հետո դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը, սակայն տեխնիկական հնարավորության բացակայության պատճառով չկարողացան դիտել կողմերի ներկայացրած խտասկավառակները: Դատարանը հետաձգեց նիստը մինչև հուլիսի 17-ը:
«Հետքի» հարցին, թե ինչու օրաթերթը հաշտություն չկնքեց «Կյանքի խոսքի» հետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ իրենք կողմ են հաշտության, բայց այն պետք է լինի ողջամիտ, իսկ հաշտության տարբերակը պետք է լինի ընդունելի: Հայցվորը նույնպես հաշտություն կնքելու ցանկություն հայտնել է: «Բայց քանի որ պնդում են հայցապահանջը, կարծում եմ, որ չեն համաձայնել»,- ասաց Լ. Բաղդասարյանը: «Իրավունքի» ներկայացուցիչը ներկայացրել է հաշտության տեքստը' նշելով, որ մամուլը ազատ է և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գործառույթներ, այդ թվում' պետք է լուսաբանի նաև այնպիսի կազմակերպությունների գործունեությունը, ինչպիսին է «Կյանքի խոսքը», և «աղանդ» կամ այլ բառակապակցություններ չի կարելի դիտել վիրավորական:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել