HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Տարբեր հակամարտություններ, սպառնալիքների տարբեր պատկեր». Սպիտակ տունը մեկնաբանել է իսրայելական օրինակն Ուկրաինայում չկիրառելու պատճառը

ԱՄՆ-ն ու դաշնակիցները չեն օգնի Ուկրաինային խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը այնպես, ինչպես օգնել են Իսրայելին, քանի որ դրանք «տարբեր հակամարտություններ են»: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։

Լրագրողները Քիրբիին հարցրել են, թե ինչու են ԱՄՆ-ն ու դաշնակիցներն օգնում խոցել Իսրայելի դեմ արձակված իրանական անօդաչուները, բայց չեն կարող նույնը անել Ուկրաինայի պարագայում:

«Ես գիտեի, որ այդ հարցը կառաջանա: Տարբեր հակամարտություններ են, տարբեր օդային տարածքներ, սպառնալիքների տարբեր պատկեր։ Եվ (ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` խմբ.) Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից հասկացրել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ միջամտել այդ հակամարտությանը՝ որպես ռազմական գործողությունների մասնակից»,- պատասխանել է Քիրբին։

Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը Կիևին է փոխանցել օդային տարածքը պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ, սակայն այժմ չի կարող դա անել Կոնգրեսում տարաձայնությունների պատճառով:

Ապրիլի 15-ին լրագրողները նման հարց էին ուղղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնին։ Նա հայտարարել էր, որ եթե բրիտանական ուժերն օգնեին Ուկրաինային խոցել անօդաչուները, ինչպես արեցին Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ, ապա դա կլիներ ՆԱՏՕ-ի զորքերի և ռուսական բանակի միջև ուղղակի բախում և կհանգեցներ «վտանգավոր էսկալացիայի»: Նրա կարծիքով՝ լավագույն բանը, որ կարող են անել Մեծ Բրիտանիան և մյուս երկրները, այն է, որ շարունակեն Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերել և զենք մատակարարել:

Այս հանգստյան օրերին Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև թևավոր և բալիստիկ հրթիռներ էր արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Անօդաչու թռչող սարքերի մի մասը խոցվել էր Իսրայելի տարածքից դուրս՝ ամերիկյան ուժերի և նրա դաշնակիցների կողմից:

Լուսանկարը՝ Kevin Dietsch/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter