HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուս խաղաղապահները լքում են Արցախը

Մեկնարկել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Այս տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, դա իրոք այդպես է»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան ճեպազրույցի ժամանակ հնչած համապատասխան հարցին։ Այլ մանրամասներ նա չի նշել։

Խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին ապրիլի 16-ին գրել էին նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ: Նրանց տվյալներով՝ գործընթացն ընթանում է արդեն մի քանի օր։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան օրեր առաջ լքել էին Դադիվանքի տարածքը։

Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում տեղակայվել էր 2020 թվականի աշնանը՝ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ժամանակ։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ խաղաղապահ զորակազմը կտեղակայվի 5 տարի ժամկետով։

Խաղաղապահ զորակազմում մոտ երկու հազար զինծառայող էր։ 3,5 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում յոթ խաղաղապահ է զոհվել։ Նրանցից 5-ը, այդ թվում՝ զորախմբի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը, սպանվել են 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական գնդակոծության հետևանքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպի համար պաշտոնական ներողություն է խնդրել Ռուսաստանից և խոստացել պատժել մեղավորներին (հետաքննության հետագա ընթացքի մասին չի այլևս ոչինչ չի հաղորդվել՝ խմբ.)։

Այդուհանդերձ, ռուս խաղաղապահների գործունեությունը մեծապես քննադատության է ենթարկվել այս ողջ ընթացքում։ Նախ, խաղաղապահները ոչինչ չձեռնարկեցին անցած տարվա սեպտեմբերին Արցախի հայաթափության ժամանակ։ Բացի այդ, նրանց ներկայությունը զսպիչ գործոն չէր ադրբեջանցիների համար, անգամ եղել էին դեպքեր, երբ դաշտում աշխատող գյուղացին սպանվել էր խաղաղապահի ներկայությամբ։ 

Լուսանկարը՝ Jack Losh/Foreign Policy

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter