HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամներին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամներին։ Այս է հայտնում Քաղաքաշինության կոմիտեն։

Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ որպես կոմիտեի առանցքային գործընկեր՝ կարևորում է ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը՝ ոլորտային հարցերի վերհանման և արդյունավետ լուծումների մշակման առումով։ «Առաջարկում եմ համատեղ աշխատել՝ հրատապ խնդիրների շրջանակը որոշելու և օր առաջ լուծելու ուղղությամբ՝ զուգահեռաբար մշակելով ոլորտի բարեփոխման հետագա քայլերը։ Մեր ցանկությունն ու վճռական մոտեցումն է՝ ապահովել բնագավառի բնականոն զարգացման հնարավորությունը՝ վերացնելով խոչընդոտները, միաժամանակ գնահատելով հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները»,-վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Կառուցապատողները շնորհակալություն են հայտնել Եղիազար Վարդանյանին պատրաստակամության և ոլորտի դերակատարների հետ երկխոսությունը գործնական հարթակում պահելու համար։ «Ծանոթ լինելով դեռևս որպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Ձեր մոտեցմանը՝ գիտական միտքը ծառայեցնել պրակտիկ գործունեությանը՝ լիահույս ենք, որ կոմիտեի հետ մինչ այս ձևավորված բարձր մակարդակի գործընկերությունը նոր լիցք կստանա։ Ասոցիացիան պատրաստ է համագործակցել ոլորտի մարտահրավերների հաղթահարման գործում»,-նշել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի թվայնացումը, համալիր փորձաքննության կազմակերպման ձևի և բովանդակության վերանայումն ու հստակեցումը, ինչպես նաև քաղաքաշինական թվային կադաստրի ձևավորումը, որոնց առաջիկայում ձեռնամուխ է լինելու կոմիտեն։ Նա նշել է, որ բարեփոխումներն ամբողջ ծավալով իրականացնելիս անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել քաղաքաշինական գործընթացները կարգավորող իրավական ակտերում։

Հանդիպման ընթացքում, ի թիվս մի շարք կարևոր հարցերի, դիտարկվել է նաև կառուցապատողների հնարավոր ներգրավումը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման շրջանակում բնակելի ավանի ստեղծմանը, ինչպես նաև քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տներով ապահովելու գաղափարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter