
Սերբիայի նախագահն օգնություն է խնդրել Ալիևից
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում Վուչիչը խնդրել է Բաքվի աջակցությունը՝ «Սերբիայի վրա գործադրվող ճնշումների ֆոնին»: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 16-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և տեղեկացնելով նրան այն ճնշումների մասին, որոնց վերջին շրջանում ենթարկվում է Սերբիան, խնդրել բարեկամ ադրբեջանական ժողովրդի աջակցությունը»,- ասված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ այդ հաղորդագրության՝ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Սերբիան մշտապես սատարել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և այդ դիրքորոշումը կշարունակվի նաև հետագայում:
Ադրբեջանի նախագահը Վուչիչին հրավիրել է ներկա գտնվելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Բաքվում: «Նախագահ Ալեքսանդր Վուչիչը երախտագիտությամբ է ընդունել հրավերը», - նշվում է Բաքվի տարածած հաղորդագրության մեջ:
Մարտի 29-ին Սերբիայի քաղաքացիներին իր ուղերձում Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան և նրա ժողովուրդը մշտապես գտնվում են ճնշման տակ, «ինչը բացատրվում է այդ երկրի անկախ քաղաքականությամբ, որը ենթադրում է ռազմական չեզոքություն և հակառուսական պատժամիջոցներին միանալուց հրաժարում»:
Լուսանկարը՝ Zoran Zestic/Tanjug
Մեկնաբանել