
Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչում իր դեսպանին
Փարիզը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին։ Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին։
Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է այս որոշումը՝ «վերջին ամիսներին Ադրբեջանի շարունակվող գործողությունների ֆոնին, որոնք վնասում են Փարիզի և Բաքվի միջև երկկողմ հարաբերություններին»:
Միևնույն ժամանակ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ ակնկալում է Ադրբեջանից պարզաբանումներ ստանալ Բաքվի դիրքորոշման վերաբերյալ:
Այս տարվա մարտին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի կապակցությամբ: Փարիզը Բաքվի իշխանություններին կոչ էր արել հարգել մամուլի և ինքնարտահայտման ազատությունը՝ Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան: Բաքվում նման հայտարարությունները գնահատել էին որպես «միջամտություն երկրի ներքին գործերին»։
Ադրբեջանում արձագանքել են ֆրանսիական կողմը այս որոշմանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ «Բաքվի հետ սպառնալիքների և ճնշման լեզվով խոսելու փորձերը ոչ մի արդյունք չեն տա»։
«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է Ֆրանսիային, որ իր հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելու փորձերը որևէ արդյունք չեն տա: Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ադրբեջանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Ադրբեջանցի պաշտոնյան հերքել է միակողմանի գործողությունների վերաբերյալ ֆրանսիական կողմի մեղադրանքները: «Ֆրանսիայի հասցեին մեր երկրի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները միայն Փարիզի ապակառուցողական գործունեության պատասխանն էին։ Չնայած մեր երկրի դեմ զրպարտչական արշավին, մենք միշտ բաց ենք պահել երկխոսության դռները»,- հայտարարել է Հաջիզադեն՝ Փարիզին մեղադրելով Երևանի շահերն առաջ մղելու մեջ։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել