«Գրքերի աշխարհ»-ի հափշտակված տարածքը կվերադարձվի պետությանը
Դատախազությունը հայտնում է, որ Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։
Հիշեցնենք, որ այս գործով անցնում էին մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՌԴ-ում եւ Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, նրա որդին՝ դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև գործարար Արման Պետրոսյանը։
Քրեական վարույթով պարզվել էր, որ արտակարգ և լիազոր դեսպան Արեմն Սմբատյանը, վերջինիս որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
«Գրքերի աշխարհ» ծրագրի մասին բացահայտումն արել էր «Հետքը» 2016 թվականին։
Հաշտության համաձայնությունը կնքվել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև: Հաշտության համաձայնությունը 2024 թվականի ապրիլի 15-ին մուտք է արվել Վերաքննիչ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան:
«Հաշտության համաձայնությամբ՝ «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունն ընդունել է, որ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված «Գույքի օտարման և գրավի» պայմանագիրը չի բխել Կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի՝ «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշումից:
Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել էր, որ Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող՝ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակվել էր: Մասնավորապես՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացվել էր 800 մլն դրամ արժողության՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակվել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված՝ 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: Նշված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ վարույթի մասն անջատվել և հանձնվել էր Հակակոռուպցիոն դատարան:
Հաշտության համաձայնությամբ «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունն ընդունել է, որ չի կատարել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պայմանը, պարտավորվել է Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում իր կողմից կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քառակուսի մետր ներքին մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քառակուսի մետր ներքին մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքը և այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես չկատարված պարտավորության հատուցում»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել