Դատարանը 73-հոգանոց վաշտին գրավված տարածք ուղարկելու գործով գաղտնի փաստաթղթեր է ուսումնասիրում
Մարտունի-3 զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի և ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանի գործով դատարանն այժմ հետազոտում է ապացույցները։
Գոռ Իշխանյանը մեղադրվում է նրանում, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել։ Երկու հրամանատարների գործը միասին քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73-հոգանոց վաշտին, որին 2020թ. հոկտեմբերի 11-ին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ Վաշտի 73 անդամներն էլ Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել են։
Այսօր՝ ապրիլ 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը։
Հանրային մեղադրող Գ. Մղդեսյանը հրապարակեց առարկայի զննում կատարելու վերաբերյալ արձանագրություն, որը կազմվել էր 2021թ. մայիսի 6-ին։
Հանրային մեղադրողը ներկայացրեց կապի օպերատորներից ստացած, գործին վերաբերող հեռախոսազանգերի մասին տեղեկատվություն։
Ըստ այդ արձանագրության՝ կապի օպերատորների տրամադրած ֆայլում առկա է ՊԲ զորամասի 3-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Միքայել Ավանեսյանի օգտագործած հեռախոսահամարի և նույն գումարտակի 7-րդ վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գևորգյանի օգտագործած հեռախոսահամարներով կատարված զանգերի տեղեկատվությունը։
Նշենք, որ զոհված 73 զինծառայողները եղել են 3-րդ գումարտակի 7-րդ վաշտից։
«Զննությամբ պարզվեց, որ կապիտան Գևորգ Գևորգյանի կողմից օգտագործված հեռախոսահամարներով 2020թ. հոկտեմբերի 10-ից հետո հեռախոսային խոսակցություններ չեն եղել, սակայն առկա են բազմաթիվ զրոյական զանգեր (այսինքն՝ զանգեր եղել են, սակայն խոսակցություն չի եղել- հեղ.)։
Միքայել Ավանեսյանի կողմից օգտագործված հեռախոսահամարին նույնպես առկա են զանգեր, այդ թվում՝ զրոյական»,- նշեց Մղդեսյանը։
Այնուհետև դատախազը սկսեց հերթով թվարկել կատարված զանգերը, դրանց ժամանակահատվածը և տևողությունը։
Դատարանն այսօր նաև ուսումնասիրեց մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում ներառված էին տեղակայումների վերաբերյալ տեղեկություններ և քարտեզներ։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլատրեց զոհվածների ծնողներին ներկա գտնվել գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությանը, քանի որ վերջիններս ծանոթ են գործի նյութերին։ Դատավորը խնդրեց ծնողներին նիստի վերջում ստորագրել, որ գաղտնի փաստաթղթերի տեղեկատվությունն այլ անձանց չեն փոխանցի։
Մինչ ուսումնասիրությունը սկսելը, Արտուշ Գաբրիելյանը խնդրեց լրագրողներին և ներկա այլ անձանց լքել նիստերի դահլիճը՝ ասելով, որ 5-10 րոպեից կավարտեն գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը և ներս կհրավիրեն լրագրողներին։
Մոտ մեկ ժամ անց նիստն ավարտվեց, դուրս գալով դահլիճից՝ ծնողներն ասացին, որ դատավորը մոռացել էր լրագրողների մասին։ Այսպիսով, խոչընդոտվեց լրագրողների գործունեությունը, և նրանք հնարավորություն չունեցան ամբողջությամբ լուսաբանել նիստի բաց հատվածը։
Մեկնաբանել