HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15 մլն եվրո աջակցություն՝ արցախցի փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակով

Հայաստանի կառավարության ապրիլի 18-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը: Ստորեւ՝ համաձայնագրի մասին վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունը։

15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն: Աջակցությունը նպատակաուղղված կլինի՝ օժանդակություն տրամադրելու Կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով:

Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն: Նախատեսվում է միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով:

Այս նպատակի ներքո օժանդակություն կտրամադրվի Կառավարությանը՝ իրականացնելու աջակցության ծրագրեր ժամանակավոր կացարանի կարիքները և կոմունալ ծախսերը հոգալու համար: Նշված գործողությունները նպատակ կունենան՝ աջակցելու փախստականներին՝ բնակություն հաստատելու իրենց նախընտրած վայրերում, և նրանց կտրամադրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն՝ աշխատաշուկա մուտք գործելու և տնտեսական գործունեություն ծավալելու համար:

Նախատեսվում է նաև փախստականների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի խմբերին՝ ապահովելով նրանց ներառումը կրթական, սոցիալական և երեխաների պաշտպանության ու առողջապահական համակարգերում, ինտեգրումը աշխատաշուկային, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնումը։ Նպատակի ներքո աջակցություն կուղղվի փախստականների, այդ թվում՝ առավել խոցերի խմբերի (տարեցներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան բռնության զոհեր և այլ խմբեր)՝ հանրային ծառայության ոլորտներում ներառման ապահովմանը (կրթություն, առողջապահությունը և սոցիալական աջակցություն)։

Գործողությունները նաև կաջակցեն փախստականների վերապատրաստմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը զբաղվածության առկա ծրագրերի ընդլայնման միջոցով` նրանց ինտեգրումն աշխատաշուկայում ապահովելու և սոցիալական պաշտպանության ծրագրերն ավարտին հասցնելու համար:

Ընդհանուր առմամբ, ԼՂ փախստականների ավելի երկարաժամկետ, մասնավորապես՝ աշխատաշուկային ինտեգրմանը և կացարանի հետ կապված կայուն լուծումներին առնչվող կարիքները հոգալու համար կպահանջվեն վերլուծական հսկայական ջանքեր՝ հանրային ծառայությունների մատուցման մեխանիզմների ընդհանուր հզորացման նպատակով ապացույցների վրա հիմնված և արդյունավետ քաղաքականություն/ծրագրեր և ներդրումներ մշակելու համար: Հետևաբար, նպատակի ներքո գործողությունները կարող են ներառել, ի թիվս այլնի, տեխնիկական աջակցություն, վերլուծություն և տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, աջակցություն քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կարողությունների զարգացման միջոցառումներ և համակարգային բարեփոխումների իրականացում քաղաքականության համապատասխան ոլորտներում:

Աջակցման միջոցառումների մաս կարող է լինել նաև իրազեկման և տեղեկատվական ներգործության գործողություններին աջակցությունը: Միևնույն ժամանակ, ներկայում եվրոպական կողմի հետ բանակցվում է համաձայնագիրը ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցությամբ համալրող նոր ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը, որը, համաձայն եվրոպական կողմից ստացված նախնական տեղեկատվության, կհաստատվի ս.թ. վերջին եռամսյակում:

Լուսանկարը՝ վարչապետի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter