HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Փակվածը ես եմ, դրսից է խոչընդոտը». ըստ Իշխան Վահանյանի՝ վկաներին ճնշում են, որ իր դեմ ցուցմունք տան

«Վատը լինեի, 19 տարվա մեջ մի բան կլիներ». Խուռհատի դատական գործի մեկնարկից մոտ երկու տարի անց դատարանում հարցաքննվեց ամբաստանյալ Իշխան Վահանյանը։

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատարը մեղադրվում է ուսումնական գումարտակի նորակոչիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։

Ըստ վկայությունների՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։

Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողները զոհվել կամ գերեվարվել են։

Այսօր՝ ապրիլի 18-ին, դատարանում Իշխան Վահանյանն ասաց, որ երկու անգամ է վիրավորվել. առաջինը՝ սեպտեմբերի 29-ին հրամանտարական դիտակետում, երկրորդ անգամ՝ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարի վրա։ Երկու դեպքում էլ, ըստ Վահանյանի, բեկորային վիրավորում է ստացել։

«Երկրորդը լուրջ է եղել, չեմ կարողացել շարժվել։ Այդ մասին իմացել է զորամասի հրամանատարը, դիվիզիայի հրամանատարը»,- ասաց նա։

Հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը դատարանին ներկայացրեց դատաբժշկական եզրակացությունը, ըստ որի՝ սեպտեմբերին ստացած վիրավորումն ավելի մեծ է եղել, քան Խուռհատում հոկտեմբերին ստացած վիրավորումը։

Առաջին դեպքում՝ հրամանատարական դիտակետում ստացած սպին եղել է 2,7*1 չափերի, երկրորդը՝ Խուռհատ սարում ստացածը՝ 1,5*1:

ատաբժշկական եզրակացության չափերի վերլուծությունից պարզվում է, որ սեպտեմբերի 29-ին, երբ մնացել եք դիրքերում, շարունակել ձեր գործառույթները, ստացել եք ավելի մեծ, նույնանման վնասվածք, քան Խուռհատ սարում,- նշեց դատախազ Գևորգ Ավետիսյանը։

-Խուռհատինն ավելի մեծ էր,- պատասխանեց Վահանյանը։

-Դա Ձեր գնահատմամբ։ Ըստ եզրակացության՝ հակառակն է, երկուսն էլ նույնանման սպիներ են,- ասաց հանրային մեղադրողը։

-Չէ, էդ սխալ ա գրած,- նշեց Վահանյանը։

Այնուհետև ամբաստանյալն ասաց, որ Խուռհատում ստացած վիրավորումն ավելի խորն է ու կլոր է եղել, իսկ հրամանատարական դիտակետում ստացած վիրավորումը երկարությամբ էր, այդ պատճառով էլ չափերը տարբեր են։

Պատասխանելով դատախազի այն դիտարկմանը, որ եզրակացության մեջ նշված է սպիների նույնանման լինելը՝ Վահանյանն ասաց, որ երկուսն էլ բեկորային վիրավորում են, այդ պատճառով էլ նույնանման են։

Դատախազն էլ նշեց՝ երկուսն էլ ունեն ծանրության նույն աստիճանը, թեթև վիրավորում են։

Դատախազը նաև հիշեցրեց, որ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանը (մինչեւ Վահանյանի նշանակումը,- հեղ.) հարցաքննության ժամանակ պնդել է, որ Իշխան Վահանյանը աջ ազդրի վնասվածքը, որն, ըստ իրեն, ստացել է Խուռհատում, միանշանակ ստացել է հրամանատարական կետում։ Այնուհետև դատախազը հետաքրքրվեց՝ Գարիկ Վարդերեսյանը որտեղի՞ց պետք է իմանար՝ Խուռհատում ի՞նչ վիրավորում է ստացել Իշխան Վահանյանը։

Ամբաստանյալն էլ պատասխանեց, որ երբ հոսպիտալում է եղել, խոսել է Վարդերեսյանի հետ և ասել վիրավորման մասին։

-Ինչո՞ւ է Վարդերեսյանն այսպիսի ցուցմունք տվել,- հետաքրքրվեց դատախազը։

Վահանյանը նշեց, որ «Վարդերեսյանի գլխին շատ հարցեր կային», այդ թվում՝ մարտակարգի խախտումը։ Ըստ Իշխան Վահանյանի՝ դեռևս Ջրականում Գարիկ Վարդերեսյանը մարտակարգի կոպիտ խախտում է թույլ տվել՝ ուսումնական գումարտակին ասել էր փոքր խմբերով մեծ խնդիր կատարեք։

Գևորգ Ավետիսյանը հարցրեց Վահանյանին՝ երբ Վարդերեսյանը հարցաքննվեց, ինչո՞ւ Վահանյանը չասաց, որ Վարդերեսյանը ստում է։

-Էդ վախտն էլ կգա… Ես սուտ ասելու բան չունեմ, փակվածը ես եմ, ավելի շատ դրսից է խոչընդոտը։ Գարիկ Վարդերեսյանը ստում է,- պատասխանեց Իշխան Վահանյանը։

Վկայությունների համաձայն՝ Իշխան Վահանյանը Խուռհատից գնալիս իր հետ տարել է նաև կապի միջոցը։ Այսօր դատարանում Վահանյանը վստահեցրեց՝ կապի միջոցը տվել է վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին, բացի այդ՝ կապի միջոց եղել է նաև Արսեն Ղարիբյանի մոտ։

Դատարանում իրավիճակը լարվեց

Իշխան Վահանյանն իր վկայության ժամանակ նշեց, որ դատական նիստերին վկայություններ տվող անձինք խոսում էին 300-հոգանոց անձնակազմի մասին, բայց ինքը Խուռհատ է բարձրացրել 90 հոգու, 20-20 հոգի՝ երկու «Ուրալ»-ով, 25-25՝ երկու «Կամազ»-ով։

«Ձախից եղել է 5-րդ ուսումնական գումարտակը, դեպի աջ՝ 3-րդ գումարտակը, Բալուջայի ռազվեդկեն՝ արանք-արանք, Կիրովականի գունդը և միլիցիան»,- ասաց նա։

Իրավիճակը լարվեց, երբ Վահանյանն ասաց, որ իր գումարտակից 90 զինծառայող է եղել Խուռհատում. «Այլ ստորաբաժանումները, որոնք ներկա են եղել, հնարավոր է այդպես 300, 400 լինեն»։ Դատավոր Ջոն Հայրապետյանն իրավիճակը հանդարտեցնելու համար դուրս հրավիրեց վրդովված ծնողներին։

Ըստ Վահանյանի՝ վկաները վախեցած են

Դատական նիստը շարունակվեց։ Դատախազ Գևորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հարաբերությունների է մեջ է գտնվել Իշխան Վահանյանն իր անձակազմի, սպաների հետ՝ նշելով, որ չորս տասնյակից ավելի վկաների են հարցաքննել, և իր պատկերացմամբ՝ նրանց մեծամասնությունը Վահանյանի դեմ է ցուցմունք տվել։

-Ես եղել եմ սաղի հետ շատ լավ, սաղ էլ իմ հետ են լավ եղել, բայց մի հարց է եղել՝ ապեր, վախենում ենք, հարազատները ծեծում են, սաղ էլ վախեցած են,- նշեց Վահանյանը։

-Վախենում են և Ձեր դեմ ցուցմունք տալի՞ս,- հարցրեց դատախազը։

-Հա, հնարավոր ա։

Դատախազը նաև նշեց, որ մի շարք ցուցմունքներից տպավորություն է ստեղծվում, որ Վահանյանը մշտապես վտանգներից փորձել է իր կյանքը փրկել։ Օրինակ՝ Գարիկ Վարդերեսյանը նշել է. «երբ Վահանյանը վնասվածք ստացավ, էդ չնչին վնասվածքը, որ հնարավոր էր ընդամենը կապելով բուժել, ամեն պատրվակ փորձում էր, որ հրամանատարական կետից դուրս գար, և ինքը թույլ չի տվել»։

Վահանյանն էլ պատասխանեց՝ սխալ տպավորություն է ստեղծվում, իսկ Վարդերեսյանն իր սխալն է ուզում բարդած լինել. «Էն վախտ նորմալ էինք իրար հետ, հենց ես հասա դատարան, նորմալ չեղավ»։

Դատական նիստը հետաձգվեց։ Իշխան Վահանյանը կշարունակի հարցաքննվել հաջորդ դատական նիստին՝ մայիսի 29-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter