HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովի կարծիքով՝ սխալ է պնդել, թե ԼՂ-ից հայերը դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով

Այն հայտարարությունները, թե հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ասել, թե իբր մեր խաղաղապահների անգործության պատճառով հայերը հեռացել են Ղարաբաղից, սխալ է»,- հայտարարել է Լավրովը։

Նա անդրադարձել է ՀԱՊԿ հասցեին Երևանի մեղադրանքներին և նշել, որ «Հայաստանն առայժմ ինքը չի կարող իր տարածքում սահմանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտին»։ «Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարող որոշել, թե որտեղ է Հայաստանում իր պատասխանատվության գոտին, հենց Հայաստանն ինքը դեռ չի որոշել»,- նշել է նա։

Լավրովը հավելել է, որ Հայաստանը պետք է ինքը սահմանագծի ու մատնանշի իր տարածքը, նախքան ՀԱՊԿ-ի կողմից իր պատասխանատվության գոտու սահմանման մասին խոսելը։

Նրա խոսքով՝ Մոսկվան նախկինի պես Երևանին համարում է իր դաշնակիցը՝ «ընդ որում՝ ոչ միայն իրավական առումով»։ «Մենք, այնուամենայնիվ, Հայաստանի հետ դաշնակիցներ ենք։ Մենք դեռ մեզ դաշնակիցներ ենք համարում։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ, որ ոչ միայն իրավաբանորեն։ Այնտեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի նշանակությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,- շարունակել է Լավրովը՝ դարձյալ մեղադրանքներ ներկայացնելով ԱՄՆ-ին ու Եվրոպական միությանը։

Լավրովն այն կարծիքին է, թե Հայաստանն ամենից շատ օգուտն ունի ԵԱՏՄ-ում։ «ԵԱՏՄ-ից Հայաստանը համամասնորեն ամենաշատ օգուտներն է ստանում։ Հաշվարկված է, որ Հայաստանի տնտեսության 35 տոկոսն իրականացվում է ԵԱՏՄ-ին մասնակության հաշվին»,- նշել է Լավրովը։

«Հայաստանը, լինելով փոքր երկիր, ԵԱՏՄ-ին շատ ավելի քիչ է վճարում, քան մյուսները, այդ թվում՝ ֆինանսական ներդրումների մասով, բայց բացարձակ հավասար իրավունքներ ունի բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ, երբ որոշումներ են կայացվում, երբ քվեարկում են Եվրասիական տնտեսական միության անդամները»,- թեման եզրափակել է նա։

Լուսանկարը՝ Alexander Nemenov /Pool via REUTERS/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter