
Արհեստական բանականությունը Պարկինսոնի հիվանդության բուժման նոր հնարավոր միջոցներ է հայտնաբերել
Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել և օգտագործել են արհեստական բանականության վրա հիմնված ռազմավարություն՝ արագացնելու Պարկինսոնի հիվանդության բուժման որոնումները:
Ըստ համալսարանի պաշտոնական կայքի՝ գիտնականների խումբը օգտագործել է մեքենայական ուսուցման տեխնոլոգիան՝ վերլուծելու հսկայական տվյալներ պարունակող բազան և հետագա հետազոտության համար հայտնաբերել հինգ հզոր միացություն, որոնք կանխում են գլխուղեղում ալֆա-սինուկլեին սպիտակուցի կուտակումը:
Պարկինսոնը ամենաարագ զարգացող նյարդաբանական հիվանդությունն է։ Ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապում է ավելի քան վեց միլիոն մարդ, ընդ որում կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը այդ թիվը կեռապատկվի:
Պարկինսոնի հիվանդության ժամանակ գլխուղեղում սպիտակուցները շարքից դուրս են գալիս, ինչի հետևանքով նյարդային բջիջները, որոնց աշխատանքի համար պատասխանատու են այդ սպիտակուցները, մահանում են: Պարկինսոնը կարող է ազդել նաև ստամոքս-աղիքային համակարգի, նյարդային համակարգի, քնի ռեժիմի ու տրամադրության վրա՝ հանգեցնելով կյանքի որակի նվազման:
Թեև ներկայումս Պարկինսոնի հիվանդության կլինիկական փորձարկումներ են ընթանում, հիվանդության արմատական բուժում դեռևս չի հայտնաբերվել․ անհրաժեշտ է մեծ քանակով տվյալներ վերլուծել հետազոտության համար, ինչը ժամանակատար է և մեծ ռեսուրսներ է պահանջում։ Օգտագործելով արհեստական բանականության տեխնոլոգիաները՝ հետազոտողները, հրապարակման համաձայն, կարողացել են շուրջ 10 անգամ արագացնել նախնական զննման գործընթացը և հազարապատիկ նվազեցնել ծախսերը:
«Մեքենայական ուսուցումն իրական ազդեցություն է թողնում դեղամիջոցների հայտնաբերման վրա։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք մեկի փոխարեն սկսել աշխատել բազմաթիվ ծրագրերի վրա: Այսքանը հնարավոր է և՛ ժամանակի, և՛ ծախսերի զգալի կրճատման շնորհիվ», - ասել է պրոֆեսոր Միշել Վենդրուսկոլոն:
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Nature Chemical Biology ամսագրում:
Մեկնաբանել