HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանն առավել քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը. գերմանական մամուլ

Իրանը կանգնած է միջուկային զենքի ստեղծման շեմին․ դա կարող է տևել մի քանի շաբաթ։ Այդ մասին գրում է գերմանական Bild-ը՝ հղում անելով փորձագետներին։

«Իրանը մոտեցել է միջուկային զենք արտադրելու հնարավորությանը։ Մենք այստեղ խոսում ենք մի քանի շաբաթվա ժամանակահատվածի մասին»,- պարբերականին հայտնել է Բոննի համալսարանի Առաջադեմ անվտանգության, ռազմավարական և ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ուլրիխ Շլին։

Նրա կարծիքով՝ այդ մասին է վկայում, մասնավորապես, այն, որ Իրանն ավելի վաղ համարձակություն ունեցավ լայնածավալ հարձակում ձեռնարկել Իսրայելի դեմ՝ նրա ուղղությամբ արձակելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Փորձագետը կարծում է, որ դրանով իսկ Թեհրանը ցույց է տվել, որ Իսրայելի հնարավոր պատասխանից հետո նա «ունի բոլոր հնարավորություններն ու տարբերակները» կամ ևս մեկ հարձակման համար, ընդ որում՝ չի բացառվում, որ միջուկային զենքի կիրառմամբ, կամ ատոմային ռումբի օգտագործման համար վախեցնելու նպատակով։ 

Իսրայելի ազգային անվտանգության ուսումնասիրության ինստիտուտի Իրանի հարցերով փորձագետ Սիմա Շայնը Bild-ին ասել է, որ «մեկ շաբաթվա ընթացքում Իրանը կարող է բավարար ուրան ունենալ ատոմային ռումբ արտադրելու համար»: Նրա կարծիքով՝ այդ մասին լուրը տարածաշրջանում կհանգեցնի սպառազինությունների մրցավազքի։

The Washington Post պարբերականն ավելի վաղ գրել էր, որ Իրանն առավել քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: Պարբերականը վկայակոչել էր պաշտոնյաներին և գաղտնի փաստաթղթերին։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թթ․)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մի քանի անգամ ազդակներ է ուղարկել այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ Թեհրանի հետ միջուկային գործարքի վերականգնմանը։

Լուսանկարը՝ Majid Saeedi/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter